Monday, 18 September 2017

Բախտը


Երևի՝ կան մարդիկ, որոնց բախտը ժպտում է ուղղակի,
Հա՜, հենց այնպես, լոկ այն պատճառով, որ ծնվել են,
Շատ հաճախ նույն բախտը երես է թեքում անհարկի,
Հա՜, հենց այդպես, լոկ այն պատճառով, որ ծնվել են,
Իսկ մա՛րդը, մա՛րդն արդյոք ժպտո՞ւմ է բախտին․․․
Հաճախ, անտեղի դարձնում է երես, թաքցնում հոգին,
Շրջվում է մեջքով, թաքցնում աչքերը, չի նայում բախտին,
Ու նստում ուռենու հովին, արցունքները խառնելով
Խեղճացած ծառի հովի տակ ապրող անտեր տերևին,
Հա՜, դարձնում է երես հաճախ հենց նույն այդ մարդը,
Հաճախ հենց մենք, մենք ենք նեղացնում բախտին,
Մենք ենք վճարում շատ թանկ ու պարզագույն մի գին,
Երբ չենք ընդունում մեր տուն այցելած անկոչ այդ հյուրին,
Որ պարզվում է, թե ոչ այլ ոք, քան բախտն էր այն նույն,
Ժպտալով, հաստատակամ գալիս էր առաջ, դեպի մեզ,
Իսկ մե՞նք, մենք փակում ենք դուռն ու հենց այնպես,
Առանց պատճառի, պարզապես թեքում ենք երես,
Ու ի՞նչ ենք անում, սկսում ենք չճալ ի լուր աշխարհի,

Թե անբախտ ենք մենք․․․

Thursday, 31 August 2017

Ժամը մեկն անց է տասնինը րոպե


Ժամը մեկն անց է տասնինը րոպե
Ու ինձ հարևան շենքի յոթերորդ հարկում
Վառվող լույսը հանգիստ չի տալիս․․․

Անհանգիստ է հաստատ նաև նույն այդ
Լույսը հանգցնել չուզող անծանոթ մարդը
Տեսնես՝ ի՞նչն է, որ մտքին հանգիստ չի տալիս,
Գուցե թե սրտին․․․
Անհանգիստ ենք մենք ես, նա ու հարևան
Այն մեկը, որի չի երևում տեսադաշտում իմ,
Որը չի տեսնում նաև մեզ,
Որը չի տեսնում նրա բաց պատուհանը՝
Լույսը դուրս ցրող,
 Չի տեսնում և ինձ՝ մութը կլանող,
Ոչ այն յոթերորդ հարկի լույսն անշեջ,
Ոչ էլ իմ մթության մեջ վառվող աչքերը անքուն,
Չի տեսնում նա, բայց տեսնում եմ ես, որ
Մեզ կապում է մի պարզ ընդհանրություն,
Մի խեղճ գոյություն,
Մենք անհագիստ ենք պատճառի համար,
Գուցե՝ անպատճառ,
Բայց անհանգիստ ենք՝
Լույսի պատճառով կամ էլ թե շնորհիվ,
Մթության շնորհիվ ու պատճառով դրա,
Մենք անհանգիստ ենք
Ու չկա պատճառ, որովհետև շատ են
Պատճառները դրա։

Ժամը մեկն անց է տասնինը րոպե
Ու ինձ հարևան շենքի յոթերորդ հարկում

Վառվող լույսը հանգիստ չի տալիս․․․

Tuesday, 11 July 2017

«Ես եմ մեդիան»


Մի գեղեցիկ օր մեդիան մտավ մեր կյանք, իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր․․․

Այսօր, մայիսի երեսունն է, ու ես գրում եմ այն մասին, թե ինչ է մեդիան ինձ համար կամ փորձում եմ համոզել՝ ինչու եմ համարում, որ մեդիան ոչ այլ ոք է (մեդիային «ոչ այլ ինչ» որակել ես չեմ համարձակվի), քան՝ ես։ Ու, մինչ ես տարված եմ այդ աշխատանքով, մեդիան շնչող օրգանիզմի պես, թթվածին է արտադրում ընթերցողների համար: Այլ հարց է, որ ինչպես քաղաքի օդն է աղտոտված, այնպես էլ՝ մեդիայի թթվածինն անմասն չի  մնում թունավոր նյութերի հետ անցանկալի շփումից։ Մարդիկս էլ հաճախ ծուլանում ենք ու հրաժարվում քայլեր ձեռնարկել թույնը չշնչելու համար: Մարդս հեշտասեր է, ի՞նչ կարող ես անել․․․

***



Այսօր մայիսի երեսուն մեկն է, ու գարնան վերջին օրը մեդիան՝ իր բոլոր դրսևորումներով, «պատմում» է ծխախոտի ու դրա արգելքի մասին՝ քարկոծում ու փառաբանում, դատափետում ու գովաբանում, բայց մի՞թե դա չէ մեդիայի գործառույթը։
Մեդիան վերջին դասի ամենագնացի պես օժտվում է բոլոր հնարավոր նորարար գործառույթներով ու հաճախ, արագահոս ընթացք ստանալով, վթարվում։ Վթարներն անխուսափելի են, ճանապարհը՝ խորդուբորդ (մեր գյուղ տանող ճանապարհի նման ի դեպ, մեդիայի միջոցով մի օր այդ հարցն էլ արժի բարձրաձայնել, հնարավոր է՝ համապատասխան մարմիններին լսելի դառնա խնդիրը ու այդ ժամանակ, գուցե, գյուղի ամենատարեցը՝ պապս, առաջին անգամ լսի «մեդիա» բառը ու, ինքն էլ չկասկածելով, դառնա մեդիայի մի մասնիկը)։ Շեղվեցի․․․
Վթարվելուց  հետո, մարդկանց մեծ մասին չի հետաքրքրում վթարի համար ստեղծված նպաստավոր պայմանները, դրդապատճառները, կարևորն արդունքն էնույնն էլ ամեն նյութի հետ է լինում, մարդիկ չեն սիրում մտածել, թե «ինչու», չէ՞ որ «ինչ»-ն արդեն կա, «ինչու»-ն ինչների՞ս է պետք։

***

Ինչպես ասում է իմ մեդիագրագիտության դասախոսը՝ «մեդիագրագետ լինելու համար բնավ պարտադիր չէ մեդիագրագիտություն ուսումնասիրել, («մեր ժամանակ նման առարկաներ չէին էլ դասավանդում․․․») բավական է ընդհանուր կրթվածություն, ինքնակրթվածություն ունենալ, կարդալ, ուսումնասիրել ու չմոռանալ «ինչու»-ի ու շատ հաճախ նաև «ինչու»-ների մասին»․․․ Ասել է թե՝ գրագիտություն գումարած ինքնակրթություն, հավասար է՝ մեդիագրագիտություն։  (բրյուսովցու համար հավասարումը բառային էլ կարող է լինել․․․ նախընտրելի է, որ այդպիսին էլ լինի․․․) Ինչևիցե, ես դեմ չեմ, որ ինձ կարդան, դու՝ ևս։
Վերջիվերջո, մեդիան ու ընթերցողը նման են ամուսին-կին հարաբերություններին, ինչքան էլ որ ամուսինը՝ այս դեպքում մեդիան, կառավարի կնոջը՝ այսինքն ընթերցողին, իրականում ընթերցողն է որոշում՝ որ կողմ պտտել իր «պարանոց»-ը։ (Ներեցե՛ք, սիրելի՛ տղամարդիկ ու ների՛ր ինձ, մեդիա՛)։

Մի գեղեցիկ օր ես որոշեցի գրել մեդիայի մասին, իսկ թե ինչ եղավ  հետո, շատ հուզիչ էր․․․



Friday, 30 June 2017

Քամին, լուսինն ու ամպերը


Ամեն գիշեր՝ պատուհանից կախ,
Հետևում եմ ընթացքին՝
Ողջ օրն իր ներկայությամբ չպատված
Անհաստատ քամու։
Ապա` ինձ գերում է անխիղճ լուսինը,
Որն ամեն անգամ անամոթաբար
Խառնվում է մարդկային քնին`
Տանջում գիշերն իր գիրկն առած մեկին.
Չի թողնում, որ կոպերը հոգնած
Հանգրվան գտնեն քնի ջերմ գրկում
Ու չի ուզում, որ սիրտը լցված
Խեղդվի կեսգիշերվա բաժակում։
Այդժամ, երկինքն ամպոտ
Ինձ հուշում է պարզ մի բան՝
Հաճախ այն, ինչ դու կոչում ես կարոտ,
Մեզ ստիպում է դառնալ երազահան,
Ի զորու չենք հաճախ մեկնել
Երազները մեր ունայն,
Այդ պատճառով ընկնում ենք մենք
Գիրկը անուրջ մթության
Ու լոկ հետևում ընթացքին քամու,
Լուսնի հանդգնությանն ու ամպերին հլու․․․

Wednesday, 31 May 2017

Շող



Անհաս թվացող հեռուներում
Կա մի շող,
Որին ձգտում են
Հասնել շատերը։
Մարդուս սիրտն է
Պատում մի դող,
Երբ անեէանում է
Մտքում դրա պատկերը։
Ու ճամփա է ընկնում
Մարդը ամեն օր՝
Փորձելով տեսնել
Շողը լուսավոր։
Կարգում է ճամփան
Ճափից կարևոր,
Իսկ շողին տեսնում
Հաճախ գունավոր
Իր երազներում,
Նրանցում, որոնց
Հաճախ պատմել ենք փորձում,
Բայց մոռանում ենք,
Հենց որ արտաբերել ենք
Փորձում հուշը այդ աղոտ։
Իսկ ճամփան մարդու
Անվերջ երկարում,
Շողն էլ ճամփի վերջում
Մեկ է երևում,
Բայց միրաժի պես

Սին է այն թվում․․․

Thursday, 4 May 2017

Արահետ 2-րդ մաս



Չնայած՝ արահետի հանդերձը կեղտոտվում էր մարդկային անզգուշության պատճառով, այն չէր շտապում կշտամբել իր այդքան սիրելի հյուրին։ Փոխարենը՝ երկնքին թաքուն բողոք էր անում ու, իր լավագույն ընկերը կարգելով, մի բուռ արցունք կիսել խնդրում։ Երկինքն, իրապես, լավ ընկեր էր հաճախ լուռ ու համբերատար լսում էր արահետին, սկսում տրամադրությունը գցել՝ փոխելով այդ օրն իրեն պարուրած գույները։ Շատ չանցած, կատարում էր արահետի խնդրանքն ու ներքին ցավին, արցունքների տեսք հաղորդելով, երկրին հղում։ Արահետը նայում էր երկնքին՝ երախտագիտության արտևանունքները սեթևեթորեն թարթելով։ Շնորհակալություն էր հայտնում ու ժպիտն ուղարկում առ երկինք՝ առ լավագույն ու միակ ընկեր։


 Մինչ ամենագնացը կվերադառնար, արահետը հասցնում էր թարմանալ ու կրկին հավուր պատշաճի տեսք ստանալ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ ամենագնացի տունդարձի ճամփան ևս արահետով էր անցնում, իսկ այն չէր կարող թույլ տալ ամենագնացի տիրոջը տեսնել իրեն փոքրիշատե նվաստ կարգավիճակում։ Չէ՞ որ նա չգիտեր հաճախ, որ ինքն էր արահետի տեսքի անմիջական մեղավորը։ Արահետն այդ ճշմարտությունը մատնելու նպատակը չէր էլ հետապնդում, որովհետև գիտեր՝ այդ կերպ ցավ կպատճառեր մարդուն։ Արահետին բավական էր անգամ այն, որ մարդը, մշտապես, սիրում էր հիանալ արահետի մարգարտափայլ հայացքով ու մաքրության անուշաբույր օծանելիքով, որն ամեն անգամ արբեցնում էր ու հագենալ անկարողի պես կլանել փորձում։

Այդ օրն ամենագնացն իր վերադարձի ճամփան արահետով չանցավ։  

Tuesday, 18 April 2017

Արահետ

Երբեմնի ծանոթ արահետը փոխում էր իր գույները և, արևի բոսորագույն ճառագայթների հետ մեկտեղ, իր գիրկն էր ընդունում իրենց լույսը անկշտաբար որոնող մարդկանց։ Հետաքրքիր է, բայց, ցանկության դեպքում, հեշտությամբ կարելի էր նմանություն գտնել արևի և այդ մոլորված սակայն այդ հանգամանքի մասին անտեղյակ էակների միջև երկուսն էլ վաղ, թե ուշ, լքելու էին արահետը, և այն, իրոք որ, վերածվելու էր լոկ ծանոթ մի արահետի։ Այն մնալու էր հուշերում և երբեմն էլ ընկնելու էր հուշերի երկնաքերից՝ այլևս չհիշվելու ցավաբեր պայմանով։
Հաճախ, երբ անցնում էր այդ կողմերով, հիշողության մեջ դաջված պատկերները սկսում էին լողալ սեփական պատկերացումների մակերեսին հիշում էր՝ ինչպես էր երանի տալիս այդ արահետով ամեն օր փութով անցնող մարդկանց ու ինչպիսի զարմանք էր նրան ակնթարթորեն պատում, երբ արահետի գլխիկոր այցելուները այդպես էլ չէին գրկախառնվում իրենց ամեն օր նույնպիսի ոգևորությամբ սպասող տանտիրուհու հետ։ Տանտիրուհին ահա հաճախ փոխում էր իր հանդերձները՝ հույսով, թե կնկատեն դրանց գեղեցկությունն ու գոնե երբեմն աչքերին չեն պատժի դրանց արհամարհելու վճռականությամբ։


Սակայն դա պատիժ համարել նրանք չէին համարձակվում, քանի որ չգիտեին՝ ինչքան ցավալի է անտարբերությունը և պատկերացում չունեին անգամ, թե ինչքան մեծ պատիժ էր այն իրականում։
Արահետը բարկանում էր, հաճախ կիտում հոնքերն ու, քամու կատաղի շնչին հակադարձելով, փորձում մնալ անդրդվելի՝ պահելով այցելուների իր անկյուններում ապաստան գտած մնացորդները կոխկրտված խոտ, կոնֆետի թուղթ, պատառոտված թղթի մնացորդներ, մարդկային հոգսեր։ Վերջիններս ամենից շատ էին հանգրվանում արահետի ոտքերի տակ՝ ապաստան մուրալով անտարբերության զոհ դարձած արահետից։ Այն բարյացկամորեն իր գիրկն էր առնում մարդկային հոգսն ու ուրախանում, որ մարդու փոխարեն իր գիրկը կարող է առնել գոնե նրա բազմաչարչար հոգսը։ Չէ՞ որ հոգսից ավելի հարազատ բան մարդը չէր ունեցել, իսկ լքել նրան կարողացել էր մեծագույն դժվարությամբ։  
Արահետը գիտեր՝ հոգսը մարդածին պատուհաս էր իր այցելուների համար, իսկ իր համար այն դառնալու էր մարդու՝ արահետին նվիրած միակ մասնիկը, միակ շնորհը։

Նա զարմանում էր, թե ինչպես կարող էր արահետը լինել այդքան մեծահոգի ու հանդուրժող ու այդ մտքի վրա իր ամենագնացով արահետով անցնող մարդը ցեխաջրով պատեց տանտիրուհու ասեղնագործ հանդերձը։ 

                                                    ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․

Sunday, 9 April 2017

Անսեր ծիլը


Օրերը անցնում են փութով
Ու առանց ետդարձի,
Դու չես էլ տեսնում
Պատճառ վերադարձի,
Քեզ միշտ սպասում են՝
Սեղանի շուրջ հացի,
Իսկ դու դոփում ես
Կես ճամփին անանցի։
Այո՛, անանց է ուղին,
Որին ձգտում ես հասնել,
Հասնել դեռ կարող ես,
Բայց ոչ դու անցնել,
Չսիրելը հեշտ է,
Բարդ բան է սիրել,
Իսկ դու կկարողանա՞ս
Քարն այդ հալեցնել։
Կարդալ քեզ կարող են,
Քո մասին գրելն է բարդ,
Հաճախ անկարող եմ
Մեկնել տեսակդ՝ մարդ,
Իսկ դու կարո՞ղ ես
Գեթ մեկ անգամ կյանքում
Դառնալ ինձ ու․․․
Չդարձնել երես։
Անկարո՜ղ ես դու
Ցույց տալ ինձ մի պարտեզ,
Որտեղ ծաղկում է
Քարերի մեջ ծլած
Ծաղիկը սիրո։
Քարը խեղդել է
Ծիլը տնկած քո,
Քանի որ, անանցի
Ճամփին մնալով,
Մոռացել ես սպասողիդ
Ու մոլորվել հեռվում՝
Անսեր թողնելով ծիլը
Ցամաք պարտեզում։



Thursday, 30 March 2017

ԲԱրև


Գարնանը, երբ ամենից շատ
Սպասում ես արևին,
Անկոչ հյուրի պես
Այցի է գալիս միայն անձրևը։
Երբ սպասում ես կյանքդ
Ջերմացնող մարդու բԱրևին,
Բավարարվում ես լոկ
Փնտրելով հեռվում նրա պատկերը։
Հաճախ հենց այսպես՝
Առանց պատճառի,
Լավ իմանալով այս
Պարզ վիճակը,
Մենք դուրս ենք գալիս
Առանց անձրևանոցի։
Մենք հավատում ենք,
Թե այս եղանակը,
Մեզ չի թողնի թրջվել,
Այլ՝ հակառակը՝
Կփրկի սառնության գրկից,
Գարնան ճանկերից,
Նրա այտերից
Վար թափվող սիրուց։
Բայց, անգամ, երբեմն
Այս թյուր հավատամքը
Մեզ դարձնում է թույլ
Թույլ ու անզգա։
Մենք ծախսում ենք
Ունեցած ողջ ջուրը մի դույլ
Լոկ մաքրելու համար
Կեղտոտ հատակը,
Մինչդեռ երաշտ է,
Հոգում անապատ,
Իսկ մենք խենթի պես,
Փախչելով անձրևից,

Զրկվում ենք նաև նրա բԱրևից․․․

Monday, 27 March 2017

Սևագիր


Ես ուզում եմ պատկերվել
Քո ձեռքով,
Անգամ եթե չհավանես
Քո իսկ ձեռքով նկարածը։
Ես պատրաստ եմ լինել
Հիմքն այն բանի,
Ինչ դու դժկամորեն
Բայց մեկ է՝ կոչում ես
Սխալների ուղղում։
Ու պատրաստ եմ
Համակերպվել լինել
Սևագիրը քո մտքերի՝
Չդառնալով մաքրագիր։
Բայց պատրա՞ստ ես
Դու դրան․․․
Դու կարո՞ղ ես տանել
Պարտությունը ուսերիդ,
Երբ հաղթողի քո կերպարը
Այցելում է երազիդ։
Դու պատրա՞ստ ես
Թողնել վերջին ավտոբուսը
Երբ լավ գիտես՝
Քայլելու ես շատ երկար,
Երբ չգիտես՝ կհասնե՞ս
Քեզ օտար, բայց
Մեկ է՝ ցանկալի
Այն կետին խամրող,
Որը նշմարվել է
Սև քո աչքերի կողմից։
Դու պատրա՞ստ ես
Դառնալ այն դուռը,
Որին հարվածում են
Կատաղության պահին,
Կամ պատրա՞ստ ես
Դու կոտրվել
Բաժակի պես ապակե,
Երբ քո մեջ են հաճախ
Խեղդել ցավը սրտի։
Դու պատրաստ չես
Ինձ անգամ սևագրել,
Իսկ ես հավատա՛,
Պատրաստ եմ
Մաքրագրել քեզ՝

Առանց սևագրելու․․․