Ամեն օր նոր բան ես սովորում, թվում է... բայց 32-ում ես հասկացա, որ չգիտեմ` ինչպես ապրել այս կյանքը։
Ե՞րբ սխալվեցի. երբևէ իմ կյանքում ճիշտ ընտրություն կատարե՞լ եմ։Թվում է` մրցավազքի մեջ եմ, բայց սուլիչից հետո մնացել եմ շվար կանգնած ու չգիտեմ` ստորին վերջույթներս ինչպես պիտի շարժեմ, որ առաջ գնամ։
Ինձ զգում եմ գյուղից առաջին անգամ քաղաք եկած այն երեխայի պես, որը չգիտի` ինչպես փողոցն անցնել (փաստորեն, թե' 11-ում, թե' 32-ում նույն մարդն եմ): Փողոցը վեր ու վար եմ անում ամեն օր, բայց այն անցնելու պարզագույն հմտությանը չեմ տիրապետում։ Մտածում եմ` անխե՞լք եմ։ Հնարավոր է։ Տարօրինակաբար, ինձ ժամանակին խելացի էին կոչում։ Փաստորեն` խելքս ավելացնելու փոխարեն, հացի հետ կերել եմ եղածը։
Չգիտե'մ։
Անկեղծ ասած, այդ հացն էլ կուլ չի գնում արդեն տևական ժամանակ է։ Չգիտեմ` երբ սխալվեցի։
Երևի` ես այդպես էլ չմեծացա։
Մի պատառ էլ կուլ տամ, որ ապրեմ։
