Երբեմնի ծանոթ արահետը փոխում էր
իր գույները և, արևի բոսորագույն ճառագայթների հետ մեկտեղ, իր գիրկն էր ընդունում իրենց
լույսը անկշտաբար որոնող մարդկանց։ Հետաքրքիր է, բայց, ցանկության դեպքում, հեշտությամբ
կարելի էր նմանություն գտնել արևի և այդ մոլորված սակայն այդ հանգամանքի մասին անտեղյակ
էակների միջև․ երկուսն էլ
վաղ, թե ուշ, լքելու էին արահետը, և այն, իրոք որ, վերածվելու էր լոկ ծանոթ մի արահետի։
Այն մնալու էր հուշերում և երբեմն էլ ընկնելու էր հուշերի երկնաքերից՝ այլևս չհիշվելու
ցավաբեր պայմանով։
Հաճախ, երբ անցնում էր այդ կողմերով, հիշողության մեջ դաջված
պատկերները սկսում էին լողալ սեփական պատկերացումների մակերեսին․ հիշում էր՝ ինչպես էր երանի տալիս այդ արահետով
ամեն օր փութով անցնող մարդկանց ու ինչպիսի զարմանք էր նրան ակնթարթորեն պատում, երբ
արահետի գլխիկոր այցելուները այդպես էլ չէին գրկախառնվում իրենց ամեն օր նույնպիսի
ոգևորությամբ սպասող տանտիրուհու հետ։ Տանտիրուհին ահա հաճախ փոխում էր իր հանդերձները՝
հույսով, թե կնկատեն դրանց գեղեցկությունն ու գոնե երբեմն աչքերին չեն պատժի դրանց
արհամարհելու վճռականությամբ։
Սակայն դա պատիժ համարել նրանք չէին համարձակվում, քանի որ չգիտեին՝
ինչքան ցավալի է անտարբերությունը և պատկերացում չունեին անգամ, թե ինչքան մեծ պատիժ
էր այն իրականում։
Արահետը բարկանում էր, հաճախ կիտում հոնքերն ու, քամու կատաղի
շնչին հակադարձելով, փորձում մնալ անդրդվելի՝ պահելով այցելուների իր անկյուններում
ապաստան գտած մնացորդները․ կոխկրտված խոտ,
կոնֆետի թուղթ, պատառոտված թղթի մնացորդներ, մարդկային հոգսեր։ Վերջիններս ամենից շատ
էին հանգրվանում արահետի ոտքերի տակ՝ ապաստան մուրալով անտարբերության զոհ դարձած արահետից։
Այն բարյացկամորեն իր գիրկն էր առնում մարդկային հոգսն ու ուրախանում, որ մարդու փոխարեն
իր գիրկը կարող է առնել գոնե նրա բազմաչարչար հոգսը։ Չէ՞ որ հոգսից ավելի հարազատ բան
մարդը չէր ունեցել, իսկ լքել նրան կարողացել էր մեծագույն դժվարությամբ։
Արահետը գիտեր՝ հոգսը մարդածին պատուհաս էր իր այցելուների համար,
իսկ իր համար այն դառնալու էր մարդու՝ արահետին նվիրած միակ մասնիկը, միակ շնորհը։
Նա զարմանում էր, թե ինչպես կարող էր արահետը լինել այդքան մեծահոգի
ու հանդուրժող ու այդ մտքի վրա իր ամենագնացով արահետով անցնող մարդը ցեխաջրով պատեց
տանտիրուհու ասեղնագործ հանդերձը։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․
No comments:
Post a Comment