Չնայած՝
արահետի հանդերձը կեղտոտվում էր մարդկային անզգուշության պատճառով, այն չէր շտապում
կշտամբել իր այդքան սիրելի հյուրին։ Փոխարենը՝ երկնքին թաքուն բողոք էր անում ու, իր
լավագույն ընկերը կարգելով, մի բուռ արցունք կիսել խնդրում։ Երկինքն, իրապես, լավ ընկեր
էր․ հաճախ լուռ
ու համբերատար լսում էր արահետին, սկսում տրամադրությունը գցել՝ փոխելով այդ օրն իրեն
պարուրած գույները։ Շատ չանցած, կատարում էր արահետի խնդրանքն ու ներքին ցավին, արցունքների
տեսք հաղորդելով, երկրին հղում։ Արահետը նայում էր երկնքին՝ երախտագիտության արտևանունքները
սեթևեթորեն թարթելով։ Շնորհակալություն էր հայտնում ու ժպիտն ուղարկում առ երկինք՝
առ լավագույն ու միակ ընկեր։
Մինչ ամենագնացը կվերադառնար,
արահետը հասցնում էր թարմանալ ու կրկին հավուր պատշաճի տեսք ստանալ։ Այլ կերպ չէր էլ
կարող լինել, չէ՞ որ ամենագնացի տունդարձի ճամփան ևս արահետով էր անցնում, իսկ այն
չէր կարող թույլ տալ ամենագնացի տիրոջը տեսնել իրեն փոքրիշատե նվաստ կարգավիճակում։
Չէ՞ որ նա չգիտեր հաճախ, որ ինքն էր արահետի տեսքի անմիջական մեղավորը։ Արահետն այդ
ճշմարտությունը մատնելու նպատակը չէր էլ հետապնդում, որովհետև գիտեր՝ այդ կերպ ցավ
կպատճառեր մարդուն։ Արահետին բավական էր անգամ այն, որ մարդը, մշտապես, սիրում էր հիանալ
արահետի մարգարտափայլ հայացքով ու մաքրության անուշաբույր օծանելիքով, որն ամեն անգամ
արբեցնում էր ու հագենալ անկարողի պես կլանել փորձում։
Այդ օրն ամենագնացն իր վերադարձի ճամփան արահետով չանցավ։
No comments:
Post a Comment