***
Երեկ թափվեցին աշնան մահվան հետ այդպես էլ չհամակերպված տերևները, որոնք ձմեռվա դաժան քամու հարվածներին դիմանալու վերջին մենամարտում պարտվող դուրս եկան: Ու ընկան:
Ընկան
տերևները անշունչ գետնին ու քշվեցին, բաժանվեցին միմյանցից: Մարդկանց նման:
(18 փետրվար, 2019)
***
Այսօր ես
կրկին
երազ չտեսա:
Այսօր ես
Կրկին
արթուն մնացի: (20 փետրվար, 2019)
***
Երբ ավտոբուսը կանգնում է կարմիր լույսի տակ, դու, անկախ քո կամքից, հնարավորություն ես ստանում տեսնել ավելին, քան` ընթացքի մեջ է հնարավոր:
Հետիոտների համար նախատեսված անցուղիներով արագ ու դանդաղ քայլում են ընթացքի մեջ գտնվողները` մարդիկ, որոնք զրկված են այս ամենը նկատելու հնարավորությունից: Նրանք անցնում են նույն կերպ, ինչպես, որ ապրում են. ոմանք արագաքայլ են, շտապում են անգամ անզգուշորեն չխախտել օրենքով ամրագրված բոլոր դրույթները, ոմանք` դանդաղ են, վստահ, որ իրենք իրավունք ունեն այդպիսին լինելու: Վերջիններս հաճախ են զարմանում առաջինների վրա:
Պարտադրված ճշտապահութուն...իսկ գուցե անհրաժեշտի և ճշմարիտի գոյակցություն:
Կյանքն, այնուամենայնիվ, ավելին է մատուցում ու մինչ ես վերընթերցում էի Ձեզ հետ իմ մենախոսությունը, ավտոբուսի (բախտի) անիվը հակառակվում է մեր ծրագրերին: Այն սկսում է քրոնիկ ծխողի պես իմ ու քո շնչած` առանց այդ էլ աղտոտ օդը թունավորել: Մենք` ընթացքին հետևողներս, դառնում ենք ընթացողներ, որոնց կհետևեն բախտավորները: (20 փետրվար, 2019)
***
Այսօր ես
կրկին
Չուշացա,
Այսօր մենք
կրկին Ուշացանք... (20 փետրվար, 2019)
***
Երեկ երկինքն անհամեմատ ավելի գեղեցիկ
էր: Լիալուսին էր: Լիալուսնի օրերին երկինքը հատուկ հմայք է ստանում: Թվում է` երկնքում
տոն է. երկնային տոն: Պսակ:
Ասում են` մարդիկ գեղեցիկ են միշտ, սակայն կան օրեր, երբ մարդիկ
հատկապես գեղեցիկ են: Կասեք` երբ: Երբ նրանք երջանիկ են և/կամ որևէ տոնի մասնակից:
Պսակի:
Երեկ երկնքում հարսանիք էր: Երկնայինների խրախճանքի մեջ հատկապես
առանձնանում էր հարսնացուն` Լուսինը, որն իր շուրջն էր հավաքել մի քանի հարսնաքրոջ`
աշխարհի ամենաերազային ու գեղեցիկ գույների համադրությունից ծնված զգեստներով,
սեթևեթ շարժումներով: Տպավորություն էր, որ նրանք այս ու այն կողմ էին վազում` փորձելով
մտաբերել հարսի խորհրդանշական պարի շարժումները` սեփական հարսանիքին դրանք կրկնելու
հույսով: (Այո´, երկնքում
չեն վախենում միմյանց կրկնելուց...մարդիկ են վախենում): Նրանց վարսերը զարդարված էին
երփներանգ դրասանգներով` հյուսված մարդկային երևակայության մեջ չտեղավորվող գունային
համադրություններից:
Ես երազում էի ձախլիկիս չստացված վրձնահարվածների իմ հավաքածուի
մեջ հավերժ ամփոփել այդ պատկերը, բայց գիտեի` տաղանդավոր նկարիչ չեմ ես ու անգամ տեխնոլոգիաների
այս դարում չկա որևէ (տեսա)խցիկ, որը կկարողանա պատկերել երկնային պսակի ողջ գեղեցկությունը,
իմը` հատկապես: (19 փետրվար,
2019)
***
Թվում է` օրերն աստիճանաբար տաքանում են: Երթուղայինի
մեջ տեղավորվում են ավելի շատ (մարդկային պատկերացումից էլ ավելի) մարդիկ: Եթե, իհարկե,
մի քանի տիկին հրաժարվեին իրենց մուշտակներից, մի քանի ուղևոր ավելի շուտ կհասնեին
իրենց նպատակակետը և ստիպված չէին լինի սպասել հաջորդ երթուղայինին, որը, եթե ևս
10 րոպե ուշանա, հավանաբար, դդում կդառնա` Մոխրոտիկին տեղափոխող կառքի պես: Քանի որ
ժամանակն անողոք է ու չի սիրում ուշացողներին, այն կպատժի իրեն ագահաբար վատնածներին:
Երթուղայինի վարորդը (կառապանը, եթե կուզեք) արագորեն կվատնի ծախսման ենթակա նյարդային բջիջների չափաբաժինը
ու ամեն բան կանի հնարավոր արգելքները շրջանցելու համար: Մեկ-մեկ էլ փոխանցման տուփի
հետ այնպիսի ուժգնությամբ կվարվի, ինչպես կառապանն իր ձիերին մտրակով հարվածելիս:
Ճանապարհն ուղիղ ու հարթ կթվա, մինչև ուղևորները կհասնեն
իրենց նպատակակետին...պարտադրակետին, գուցե:
Ժամանակն անցնում
է: Հասնում ենք իմ պարտադրակետին...նպատակակետին, գուցե: (19 փետրվար, 2019)
***
Այս շաբաթ
կրկին
չկտրեցի մազերս:
Այս շաբաթ
Կրկին
ժամանակ չկար: (19 փետրվար, 2019)
***
Կողքիս նստած
երեխան, որ հազիվ 7-8 տարեկան լինի, նոտաների թղթերը ձեռքին մեկ շշնջում է Առնո Բաբաջանյանի
և Ռոբերտ Ռոժդեստվենսկու ստեղծագործությունը` «Տղերքը, որոնք չկան», մեկ նայում ինձ,
հետո` հեռախոսիս ստեղներին, որոնք ենթարկվում են իմ կամքին` մեկ-մեկ սպրդելով: Մտքով
էլ չի անցնում, որ ինքն է դարձել մտքերիս տերը: Ես գրում եմ ստեղծագործության վերնագիրն
ու ցնցվում, հոգեպես ցնցվում բառերի մեջ ապրող իմաստից: Մեր ապագա զինվորը մանկան անուշ
լեզվով բարբառում է երգի` իր համար դժվար ընթեռնելի տառաձևով գրված բառերը, ապա`
դառնում մորն ու պահանջատեր հայացքով ասում` «Հիշի´ր, որ իջնենք, ինձ թղթապանակ առնես
նոտաներիս համար»: Մայրն էլ նուրբ նախատինքով թե` «ոնց որ շատ երես առար»: Հետո, մանուկը,
հոգնած իր երաժշտական դեգերումներից, գլուխը դնում է մոր ուսին ու ննջում:
Ես էլ մտածում եմ` երանի, որ երես առածն այդպիսին լինի
ու թեքվում դեպի պատուհանը` երգի բառերը մտքումս...տղերքը, որոնք չկան:
Մի օր էլ մայրն իր զինվորի ուսին կդնի գլուխն ու թեթևացած
քուն կմտնի: (16 փետրվար, 2019)
***
Հարակից մեքենայի ետևի նստատեղին
կռթնած տիկինը լավ հաջողություններ է գրանցում «Candy Crush»-ի հերթական
մակարդակում, իսկ ահա առջևից փոքրիկ մեքենայով ընթանում է աշխարհը փրկելու
պատրաստակամ դեմքով մի աղջիկ, որի դիմաց` ամենակարևոր ռազմավարական օբյեկտի`
հայելու ներքևում խնամքով դրված է հավանաբար վերջին խախտման ակտը: Խցանման մեջ մեր
կողքին է հայտնվում 90-ականների վերջի արտադրության կանաչավուն «Մերսեդես»-ը, որն
իր գլխին կրում է պարտադրված թագը` «տաքսի» գրությամբ: Միայն վարորդի
ընկերակցությունն այնքան էլ չի տխրեցնում մեքենային, իսկ վարորդի՞ն...:
Հեռվում նկատվում է վերամբարձ կռունկն
ու այդպես էլ չավարտված շինարարության պատկերը:
Սա է իրականությունը` մեր կողքին
ապրող: (14 փետրվար, 2019)