***
Ես գիտեմ, որ հաշվել կարելի է
Միայն տունդարձի ճամփին,
Ու այն էլ մեզ տնից հեռացնող
Րոպեները միայն,
Գիտեմ, որ չեն տա ջերմություն
Ամեն անցորդի,
Սակայն երբեմն ես ուզում եմ
Բացել թևերս լայն,
Ուզում եմ ողջունել նրան,
Որ ունի կարիքը դրա,
Նրան, ով կտաքացնի
Մատներս սառած,
Քանի որ մոռացել եմ
Ձեռնոցն իմ տաք,
Դուրս եմ եկել Ձյունե թագուհուն
Դեմ հանդիման,
Ու թողել տանը թվացյալ
Զենքն իմ միակ․․․
Ուզում էի ցրտից նեղանալ,
Ա՜խր անողոք է այն,
Ուզում էի մրսածին գրկել,
Ա՜խր չգիտես՝ սառչելն ինչ է,
Երբ նմանվում ես
Անշնչացած մի սյան,
Ու չկա դրսում ապաստարան,
Իսկ տաքությունն ի՞նչ է՝
Մի ատելի բան,
Երբ խեղդում է քեզ իր զույգ ձեռքերով,
Ու մի տենչանք,
Երբ հեռանում է նեղացած սիրո նման,
Մի գեղեցկուհի
Ձեռագործ հանդերձով
Ու մի դահիճ,
Որ չի կրում անգամ ոտնաման,
Ու սիրում են հաճախ դահիճին այդ,
Իսկ նա հեռանում է կոտրելով սրտերը միայն․․․
No comments:
Post a Comment