Wednesday, 12 October 2016

«Խոսող գիրքը»




Հե՜յ...
Ես եմ:
Ե՜ս:
Դու ինձ չգիտես: Ես շա՜տ վաղուց էի ուզում ծանոթանալ քեզ հետ. վերջապես, եկել է ինձ ու քեզ համար այդքան սպասված, այդքա՜ն բաղձալի պահը: 
Ասում են՝ գրքերը չեն խոսում (իսկ դու երբևէ փորձե՞լ ես լսել նրանց), բայց ես խոսում եմ և շատ եմ ուզում, որ ինձ լսես դու:
Դու երեկ բացեցիր ձեր տան հնացած գրապահարանն ու մաքրեցիր իմ ու ընկերներիս վրա վաղուց արդեն հանգրվանած փոշին, բայց ինձ նեղացրիր. չբացեցիր դու ինձ: Ես ուրախ էի, որ մաքուր եմ, բայց ներսիս փոշուց, անտարբերության փոշուց խեղդվում եմ արդեն, խեղդվում եմ ես:
Սպասում էի, փափագում էի որ կնայես քո հետքրքրասեր աչքերով, կփորձես ընտրել քեզ հարազատ մեկին ու կունկնդրես այդ բախտավորի լուռ, բայց բովանդակ զրույցը, քեզ կգտնես այդ զրույցի մեջ ու ինքդ կդառնաս դրա ամենաբովանդակալից մի մասնիկը:
Եվ դու նայեցիր․․․ դու նայեցիր այն հետաքրքրությամբ, որ ես պատկերացնում էի. քո աչքերում փայլ կար մի չարաճճի, մի ցանկություն, որը, հավանաբար, միայն ինքդ ճիշտ կերպով կմեկնեիր:
Դու ընտրեցիր մեկին: Ընտրեցիր իմ հարևանին. շա՜տ գեղեցիկ ու նրբաճաշակորեն կարված նմուշ է ախր այդ տարաշխարհիկ գեղեցկուհին: Որակյալ կազմից բացի նկարազարդված արտաքին շերտով է պատված (կարծես՝ քիչ էին նրա առավելությունները, դա էլ էր գումարվել այդ հաջողակին): Երևում է, որ թանկարժեք է այն։
Սիրահարված պատանու պես նայում էիր նրան ու հայացքիդ մեջ այնքա՜ն ջերմություն կար, որ թվաց՝ կհորդա այդժամ ու դու կնվիրես այդ գեղեցկուհուն քո ողջ սերը: Հիացած փակեցիր գրապահարանի ապակե դռնակներն ու նստեցիր բազմոցին, զննեցիր հարևանուհուս արտաքին տեսքը: Դու դժվար թե նախկինում ավելի գեղեցիկ գիրք տեսած լինեիր, համենայնդեպս, ես զգում էի դա քո աչքերից, քո աչքերի ջինջ փայլից։
Դու ունկնդրեցիր նրա զրույցը, բայց ես չլսեցի արտաբերած հնչյունները նրա, միայն կռահել փորձեցի աչքերիդ փայլի նշանակությունը, երբ քո փափլիկ, որևէ տեսակի տանջանք չտեսած մատներով թերթում էիր նրա էջերն ու հիանում նրանով:
Ես հասկանում էի, որ քո տարիքում շատերն են հիանում նկարազարդ պատկերներով, շատերն են սիրում նայել՝ տեսնելու փոխարեն: Ես չէի խանդում... դե՜, գուցեև խանդում էի մի քիչ:
Գիտեի, ես քաջ գիտակցում էի, որ ախր մի տեսակ անշուք եմ ես այդ շքեղաշուք նմուշների կողքին, իմ կազմն արդեն հնացել էր, էջերս դեղնել, իսկ դիրքիցս էլ ողնաշարս էր ծռվել: Ես գիտեի այդ ամենի մասին ու գիտեի, որ Դուք՝ մարդիկդ, ընտրում եք գեղեցիկին, նախընտրում՝ նորը:
Դե՜, դա վատ չէ, երկուստեք արդարացի է... հավանաբար: 
Այդ օրը, դժվարությամբ ու մի տեսակ ինձ ոչ հատուկ դժկամությամբ քնեցի: Չնայած՝ տեղս լայնացել էր ու այս ամռան տապին քնելն առավել հեշտ կարող էր լինել, տպավորություն էր, թե քունն էլ ինձ չի ընտրի այդ օրը ու չի թողնի, որ մի քանի ժամով մոռացության մատնեմ ապրածս օրը:
 Այնուամենայնիվ, ես ու իմ երանելի ցանկությունն առավել ուժեղ գտնվեցինք՝ չնայած՝ պետք է խոստովանեմ, որ քնելու քաղցր հաբն ինձ առանձնահատուկ բարդությամբ տրվեց:
Ես քնեցի ու քունն իմ այնքա՜ն անուշ էր, որ չհասկացա՝ ինչպես, բայց ես երազ տեսա:
Հա՜, ես երազներ էլ եմ տեսնում, ճի՛շտ է, հաճախ դրանք չեմ հիշում (հավանաբար դու էլ), բայց այդ օրվա երազս տպվեց իմ հիշողության կնճռոտած էջերում: Այն գունավոր էր (ասում են՝ երազները նաև անգույն են լինում), ու ես դա լա՜վ եմ հիշում: Բայց իմացի՛ր երազս քեզ կպատմեմ լոկ այն հույսով, որ մի օր դու կլսես իմ պատմությունը: Ես հավատում եմ՝ այդ օրը գալու է, իսկ եթե կա հավատք, ուրեմն՝ կա նաև հնարավորություն, հավատա՛ ինձ:
Չչարաշահելով համբերությունդ՝ անցնեմ տեսածիս նկարագրությանը, իսկ դու լսի՛ր, ավելի ճիշտ՝ կարդա՛ ինձ... միայն թե ուշադիր կլինես, խնդրում եմ, լա՞վ: 
Երազումս, դուրս էի եկել արդեն շա՜տ երկար ինձ համար մշտական ապաստան հանդիսացող գրապահարանից ու հակառակ կողմից էի դիտում իմ տուն-գրապահարանը. տեղ-տեղ խիստ համաչափ, տեղ-տեղ էլ անփութորեն իրար վրա դարսված զանազան գրքեր, գույների աներևակայելի առատություն, բազմալեզու գրականություն, մեծ ու փոքր, հաստ ու բարակ, բարձրահասակ ու քո խոնարհ ծառայի նման միջին երկարության գրքեր, ցածրահասակներ:
Գիտե՞ս, հետաքրքիր է, բայց դժվար է լինել միջին՝ ամեն ինչում, ամեն պարագայում: Գուլիվերների ու գաճաճների այս ծայրահեղ ժամանակներում միջահասակներս մի տեսակ ավելորդ ենք թվում: Գուցե, ասածներս տարօրինակ են հնչում, բայց հավատա՛՝ մեր օրերում ավելի ընդունելի են ծայրահեղությունները, քան ոսկե միջինը։ Այժմ, միակ արզերկված ոսկին հենց այդ արտահայտության մեջ  տեղավորվածն է։
Ի դեպ, այստեղից պատկերն այնքան տարօրինակ էր ու, միաժամանակ, շա՜տ հետաքրքիր: Ես առաջին անգամ էի դիտում իմ տունը հեռվից, իսկ այն պարզվում է բոլորովին այլ տեսք ունի, երբ կողքից ես նայում (այս կյանքում այդպես է ամեն բան ներսում այլ է, դրսից՝ այլ
Ես այստեղից նկատեցի, որ գրապահարանն այս երեք հարկ ուներ: Վերին հարկում խնամքով դասավորված էին ամենագեղեցիկ, ամենանոր գրքերը, որոնց տեսքից էլ երևում էր, որ ժամանակին բավականաչափ գումար է վճարվել դրանց համար, իսկ դրանք կարդալու հաճույքը դեռ չի վայելել ոչ մի երջանիկ: Երկրորդ՝ միջին հարկում, տեղավորված էին համեմատաբար նոր ու շա՜տ չբացված, չկարդացված գրքերը, իսկ վերջին՝ ներքևի հարկում տեղավորված էին փոքրիշատե հին ու ձեռքից ձեռք բազմիցս անցած գրքեր: Բայց, ես քեզ չեմ ասի, թե որ հարկում էր իմ տունը։
Այդ հարկերն այնքան հետաքրքիր էին, իսկ գրքերի դասավորության ձևաչափն այնքան արդի․․․ կյանքի աստիճանակարգի նման։
Ինձ մոտ այդժամ հարց էր առաջացել. այդ ի՞նչպես էր եղել, որ այդ նորաթուխ գեղեցկուհին հայտնվել էր ինձ նման մեկի կողքին: Ընկել էի մտածմունքների գիրկն ու ինքս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ կամ ինքն այդքան էլ նոր ու գեղեցիկ չէր, ինչպես ես էի միշտ կարծել, կամ էլ ես այնքան թերի չէի, ինչպես հավատացրել էի ինձ միշտ:
Սակայն, այդ միտքն ինչպիսի արագությամբ ինձ պատեց, այնպես էլ լքեց:
Ես հոգնեցի գրքերը զննելուց ու նկատեցի քեզ՝ բազմոցին կռթնած, ի՛մ բարեկամ: Դու էլ էիր քնել ու դեմքիդ քնքուշ արտահայտությունը մատնում էր, որ քո տեսած երազն ավելի հաճելի էր ու էլ ավելի էր համապատասխանում երազ գեղեցիկ անվանը:
Ես չգիտեմ՝ ինչ էիր տեսնում դու, բայց մե՜ծ, անասելի մի ցանկություն ունեի զրուցել քեզ հետ, ճանաչել այն աչքերի տիրոջը, որոնց փայլը ես չեմ մոռանում: Չնայած՝ ցանկությունս պարտվում էր համարձակությանս ու ես երկնչում էի խաթարել քո ու երազիդ քաղցրագույն հանդիպումը:
Միակ բանը, որ համարձակվեցի՝ վրայիդ ծածկոցն ուղղելու փորձն էր: Սիրտ առա միայն, որպեսզի չմրսես, բայց դու արթնացար ու քարացած նայեցիր ինձ: Առանց այդ էլ մեծ աչքերդ էլ ավելի էին մեծացել ու կլորացել: Դու և՛ վախեցել էիր, և՛ զարմացել (բնական է. ո՞վ է «կենդանի» գիրք տեսել, չէ՞): Ես էլ վախեցա... շա՜տ վախեցա, որ այդ րոպեին կարթնանամ ու կընդհատվի երազս: Դու էիր արթնացել, ես՝ ոչ: 
Առաջինը խոսեցի ես.
-Ների՛ր՝ ընդհատեցի քունդ, բարեկա՛մ,- ասացի ես:
-Դդդդդդդդ, դո՞ւ, չի կարող պատահել, սա երազ է, հհհհհհ հաստատ, -
կմկմացիր դու:
-Երազ չէ, բարեկա՛մ, ես խոսում եմ քեզ հետ, - ասացի ես: 
-Բայց գրքերը չեն խոսում, ախր, չեն էլ շարժվում, դու ինչպե՞ս ես հասել այստեղ, - հարցրիր դու: 
Հարցդ այնքան բնական ու դյուրին ստացվեց, որ ինքդ էլ զարմացար սեփական հարցադրումիցդ ու նաև չհավատացիր քո իսկ լեզվի անսովոր սահունությանն ու դժվարությամբ հավատացիր սեփական խոսքերիդ իրական լինելուն:
-Դե՜, ես էլ չգիտեմ, բայց գիտեմ, որ ես խոսել եմ միշտ, ուղղակի ինձ հաճախ չեն լսել, չես լսել և դու,- վրա բերեցի ես:
-Բայց ես երբեք չեմ հանդիպել խոսող գրքերի, - ասացիր դու ու փութով շարունակեցիր հարցերդ,- իսկ դու միա՞կն ես մեր գրքերից, որ խոսում է:
-Ես դա չեմ կարող ասել, քանի որ գրքերի հետ խոսելու բախտավորությունը միայն դու ունես:
-Հետաքրքիր է:
-Իսկ դու ունե՞ս սիրած գիրք։
- Ո՛չ, չունե՛մ․․․ դեռ։
-Ի դեպ, ես այսօր նեղացել եմ քեզնից:
-Ինձնի՞ց, իսկ ինչու՞,- զարմանքով հարցրիր դու:
-Հիշու՞մ ես, թե ինչպես այսօր մաքրեցիր գրապահարանի անկյուններում ու մեզ վրա նստած փոշին:
-Այո՛, հիշում եմ, բայց փոշին մաքրելով ես նեղացրե՞լ եմ քեզ:
-Դա չէ պատճառը, ի՛մ բարեկամ:
-Իսկ ի՞նչն է:
-Դու նայեցիր գրքերին ու ընտրեցիր մեկին՝ ամենագեղեցիկին՝ իմ հարևանությամբ հանգրվանած պերճաշուք էակին:
-Շատ գեղեցիկ գիրք էր ու նաև նոր, բայց մի՞թե դա նեղացրել է քեզ:
-Հիմա կասես ինչ անարդար եմ չէ՞, գուցեև նախանձ:
-Ո՛չ, պարզապես ուզում էի տեսնել՝ ինչեր կան այդ գրքի էջերում:
-Ինձ մի բան է միայն նեղացրել... ես վստահ եմ, որ դու չէիր ընտրի ինձ, քանի որ ես երազում անգամ չեմ կարող համեմատվել նրա հետ:
-Հ՜մ:
-Քո ընտրությունն ինձ ևս մեկ անգամ ապացուցեց, որ արտաքին տեսքով դատելն այնքան հեշտ է ու այդպես են անում գրեթե բոլորը:
-Բայց...
-Ես նեղացա, քանի որ դու ինձ համար «բոլոր» չես, իսկ քո աչքերի փայլն ինձ համար ուրիշ է:
-Չգիտեմ՝ ինչ ասել:
-Ոչի՛նչ: Ուղղակի խոստացի՛ր, որ կյանքում չես դատի միայն առաջին տպավորությամբ:
-Կներե՛ս ինձ:
-Ախր դու մեղավոր չես, ոչ էլ պիտի ներողություն խնդրես, այդ ես եմ, որ եսասիրաբար հուսացել եմ, թե մի օր կարժանանամ ուշադրությանդ: Խոստանու՞մ ես,
որ կկատարես խնդրանքս կամ գոնե կփորձես:
-Խոստանում եմ:
-Միայն թե հիշի՛ր, որ խոստումները կատարել է պետք, իսկ մարդիկ բառերը հենց այնպես չեն շռայլում:
-Բայց դու իմաստուն ես թվում:
-Կարծու՞մ ես:
-Այո՛-այո՛:
-Հուսով եմ՝ այդպես է:
-Լավ, իսկ կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել:
-Ասա՛, բարեկա՛մ:
-Ես կարո՞ղ եմ հաճախ խոսել քեզ հետ:
-Իհարկե՛, բայց ոչ միշտ:
-Իսկ ե՞րբ:
-Երբ դու կցանկանաս... երբ իսկապես ցանկանաս:
Ու այդ պահին էր, որ ես արթնացա իմ քնից: Այքա՜ն տարօրինակ, դեռևս չապրված զգացումներ էին ինձ համակել: Թվում էր, թե քնել եմ մի ամբողջ դար: Բայց, կարծում եմ, որ դեմ չէի լինի եթե երազս մի ողջ կյանք տևեր, դառնար մի հավերժություն ու անմահանար: Բայց այն ավարտվել էր, ինչպես յուրաքանչյուր բան այս աշխարհում, այն ևս մոտեցել էր իր եզրագծին:
Ես կրկին կանգնած էի իմ սովորական տեղում, սակայն տեղս այնքան էլ լայն ու ազատ չէր, քանի որ հարևան գեղեցկուհին վերադարձել էր իր տեղը՝ նորից հաստատվելով իմ կողքին: Նշանակում է, որ դու, ի՛մ բարեկամ, վերադարձրել էիր նրան... կամ չէիր հավանել ձեր համատեղ զրույցը կամ էլ... (մի՞թե երազս իրական է եղել ու դու լսել ես իմ հորդորը...չգիտե՛մ):
Ես սպասում էի, սպասում էի, որ այդ օրը դու կգաս ու կբացես ինձ բանտարկած ապակե դռները, աչքերիդ նույն փայլով կնայես ինձ ու կկարդաս դու ինձ: Ու այդ մտայնության մեջ սկսեցի մենախոսությունս, որը դարձավ երկխոսություն իմ ու իմ միջև:
-Ի՞նչ էիր մտածում...կարծու՞մ էիր, թե նա վաղն արդեն քեզ է կարդալու:
-Չգիտե՛մ:
-Հետո էլ կարծում են, թե իմաստուն ես, իսկ իմաստունները գիտեն ամեն ինչ:
-Ամեն ինչ հնարավոր չէ իմանալ:
-Էլ մի՛ արդարացիր:
-Չեմ արդարանում, պարզապես, ասում եմ:
-Լավ, իսկ ինչի՞ էիր սպասում:
-Սպասում էի, որ երազն իմ իրականություն կդառնա:
-Դու լավ գիտես, որ երազն իրականություն չէ, բնավ, այլ՝ քո ցանկությունների անիրական արտացոլանքը:
-Ի՜նչ գեղեցիկ ես ասում ու միևնույն ժամանակ ինչքա՜ն դաժանություն կա խոսքերիդ մեջ:
-Ճշմարտությունն է դա:
-Իսկ գուցե սու՞տը:
-Դու անուղղելի լավատես ես:
-Գիտեմ:
-Լավ է՝ դա էլ գիտես:
-Մի՛ ծաղրիր:
-Չէ՛, չեմ ծաղրում, պարզապես, սթափեցնում եմ:
-Սթափվեցի:
-Ու՞... 
-Դու, իրավացի ես:
-Ի՞նչ հարցում:
-Որ ես հույսերով եմ ապրում:
-Իսկ դա լա՞վ է։
-Գուցե՝ ոչ։
-Փաստորեն, վստահ չես։
-Ես երբեք էլ ոչնչում վստահ չեմ, դու հո լավ գիտես, որ կյանքում ոչինչ երբեք միանշանակ չէ ու չի կարելի պնդել մի բան, որում համոզված չես․․․ առհասարակ, չի կարելի պնդել անգամ այն, ինչում դու համոզված ես, որովհետև համոզված լինելու հանգամանքն էլ կարող է թվացյալ լինել։
-Որ ասում եմ անուղղելի ես․․․
-Իրավացի ես, ես լավատես ու չկա բուժում լավատեսությանը։
-Շնորհակալություն:
-Ինչի՞ համար:
-Որ գոնե այս անգամ չընդվզեցիր ճշմարտության դեմ:
-Ես էլ եմ շնորհակալ:
-Դու՞: Ինչու՞:
-Դու միակն ես, որ ինձ չի հիասթափեցնում: Դու երբեմն խիստ ես, բայց միշտ էլ իրավացի ես, երբ նախատում ես ինձ:
-Չափն անցնում եմ մեկ-մեկ:
-Ո՛չ:
-Այո՛:
-Ո՛չ:
-Այդպես չեղավ... հիմա էլ իրար չենք հասկանում:
-Լա՛վ, ես լուռ եմ:
-Ես էլ:
Ու տիրեց մի հանգստաբեր, ոչնչի չնմանվող լռություն, երբ ես դադարեցի լսել իմ ու իմ միջև ծագած խառնիճաղանջ երկխոսությունը:
Չհասկացա՝ ինչպես, բայց այդ օրն անցավ ակնթարթի պես ու մութը կրկին եկավ ինձ այցի: Օրն այդ մթնեց այնքան արագ, որքան մարդու մանկությունն է ավարտվում (սարսափելի, անտանելի արագություն է, չէ՞):
Ես չգիտեի՝ ուզու՞մ եմ արդյոք, որ կրկին ինձ այցելի երազը, թե՞ ավելի լավ է ապրել իրականության մեջ, չունենալ սին հույսեր, չերազել, որ ցանկությունդ բռնի իրականության վերածվելու բարդագույն ճամփան ու, վերջապես՝ չհիասթափվել, երբ այդ ամենը հանկարծ չլինի:
Կրկին մտքերն ինձ կուլ էին տվել ու խժռում էին ագահաբար, իսկ ես չէի էլ փորձում ազատվել այդ անգութ գիշատիչների ճիրաններից (Հա՜, մի' զարմացիր մտքերն էլ են գիշատիչ լինում մեկ-մեկ ու ավելի վտանգավոր են երբեմն, քան քո իմացած գիշատիչ կենդանիները, որովհետև մտքերից փրկվել կարողանում են քչերը... եթե, իհարկե, այդպիսիք կան, իսկ եթե կան, ուրեմն՝ բախտավոր են նրանք):
Ես հոգնել էի, մտածելուց էի հոգնել...քնեցի:
Երազ չտեսա, բայց կեսգիշերին վեր թռա տարօրինակ մի ձայնից: Վախեցել էի ու քանի որ շատ մութ էր, աչքերս էլ ավելի ամուր սեղմեցի իրար, որ երևակայությանս խաղերն ինձ չհաղթեն, չտեսնեմ այն, ինչ չկա, չպատկերացնեմ անիրական մի իրականություն:
Երբ աչքերս հոգնեցին իրար սեղմված մնալուց, պարտվածի նման բացվեցին ու թվում էր՝ կկուրանան ուժեղ մի լույսից: Լույսն այդ նման էր լապտերի լույսի ու, իրապես, լապտեր էր մեկի ձեռքին... նրա, իմ բարեկամի ձեռքին: Մեր դերերը փոխվել էին: Ես էի այդժամ քարացել ու կորցրել խոսելուս ունակությունը, իսկ նա ինձ նայում էր իր լայն բացած աչքերով: Այն աչքերով, որոնց փայլն ինձ այնքան թանկ էր, այնքա՜ն հարազատ: 
Նա խոսեց, ավելի ճիշտ՝ բարձրաձայն ասաց.
-Չգիտեմ՝ ով ու չգիտեմ՝ երբ ինձ ասել է, որ երբեք չդատեմ արտաքինով կամ առաջին տպավորությամբ: Դա շատ բարդ է, քանի որ առաջին բանը, որ մենք տեսնում ենք, արտաքին շերտն է, իսկ առաջին տպավորությունը մշտապես դաջվում է մեր ուղեղներում:
Ես արձանացել էի: Լուռ լսում էի ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում:
Նա շարունակեց.
-Ես կընտրեմ այսօր այն գիրքը, որն ինձ կթվա հարազատ:
Նա այնքան մանրազնին էր նայում, այնքա՜ն ուշադիր:
Իսկ ես համր էի դարձել: Նրա այն նույն փափլիկ մատները, որ ընտրել էին իմ հարևան գեղեցկուհուն, սահեցին գրքերի վրայով: Նա նայում էր գրքերի երեք շարքերին էլ ու ուշադիր զննում էր թե՛ գուլիվերներին, թե՛ գաճաճներին, թե՛ ինձ նման միջահասակներին, որոնք մշտապես ավելորդ էին թվում:
Նրա չարաճճի հայացքն ինձ այնքան հույս էր ներշնչում... ես շա՜տ էի ուզում, որ նա չարհամարհի ինձ նմաններին: Երբ նրա մատները մոտեցան ինձ, թվաց, թե իմ գրքային սիրտը դուրս կթռչի էջերիս միջից: Նա նայեց ինձ:
-Ի՜նչ հին ու գորշ գիրք է,-ասաց նա:
Ինձ թվում էր, որ ես լաց կլինեմ ու կխոնավեցնեմ առանց այդ էլ հալից ընկած էջերս: Այդ բառերն այքան հակասական զգացումներով էին պատել ինձ:
Նա ուզում էր առաջ անցնել, երբ հանկարծ կտրուկ ետ դարձավ ու կրկին նայեց ինձ: Նա ձեռքը մեկնեց դեպի ինձ ու դժվարությամբ հանեց ինձ՝ իմ արդեն նեղացած տեղից (իսկ ես կարծում էի թե երբեք չեմ լքելու իմ դիրքը): Նա ասաց.
-Ճիշտ է՝ հին ես ու գորշ, բայց ես ուզում եմ զրուցել քեզ հետ, ես ուզում եմ, որ մեր զրույցը անբովանդակ չլինի:
Նա ինձ դրեց գրապահարանի մոտ դրված սեղանին, փակեց իմ երկարամյա ապաստանի ապակե դռներն ու, նստելով բազմոցին, վերցրեց ինձ իր ճերմակ ափերի մեջ: Լուսարձակող լապտերն ավելի մոտ պահեց ու փորձեց կարդալ․․․
Նա, աչքերը կկոցելով, փորձեց կարդալ իմ վերնագիրը (իմ վերնագիրն իմ անունն է... գիտեի՞ր, ինչպես դու, ի՛մ բարեկամ, այնպես էլ՝ ես, ունեմ իմ անունը, որ միայն ինձ է պատկանում):
Նա կարդաց անունս ու դեմքին մի խոսուն ժպիտ խաղաց, իսկ աչքերում՝ նրա փայլուն ու չարաճճի աչքերում, մի նոր երանգ հայտնվեց: Այդ երանգն այնքան ուրիշ էր, նրա աչքերում ես դեռ երբեք, երբե՜ք այդքան յուրօրինակ երանգ չէի տեսել։
Իսկ անունն իմ, ինձ տրված վերնագիրը շատ պարզ էր․․․
Ես եմ «Խոսող գիրքը», որը խոսեց քեզ հետ ու հուսաց (ես անուղղելի լավատես եմ, հիշում ես չէ՞, ես երբեք չեմ կորցնի հույսս, քանի որ եթե հիշում ես, ես ասում էի չէ՞՝ եթե կա հավատք, ուրեմն՝ կա նաև հնարավորություն, որ դու կհասնես քո ցանկությանը)։
Իսկ, գիտե՞ս՝ ով է հեղինակն իմ․․․ Իմ հեղինակը անհայտ մեկն էր․․․ այդպես էլ գրված էր նախաբանում  մի անհայտ հեղինակի գրիչ, որին լսեց ու որի հետ զրուցեց փափլիկ մատներով ու աչքերի մեջ ծվարած չարաճճի փայլով էակը։
Իսկ դու կկարդա՞ս  ինձ, իսկ դու կխոսե՞ս, կզրուցե՞ս խոսող գրքի հետ, որը, բնավ, ամենագեղեցիկն ու նորը չէ, ամենանկարազարդն ու թանկարժեքը չէ, բայց բովանդակ է ու որը գուցե մի օր դառնա քո սիրած գիրքը (ես շա՜տ լավ եմ հիշում, որ դու սիրելի գիրք չունեիր ժամանակին)․․․այն գիրքը, որը հավանաբար դրված է գրապահարանիդ ամենափոշոտ անկյունում ու փափագում է զրուցել քեզ հետ։
Հե՜յ...
Ես եմ:
Ե՜ս:

Դու ինձ ԳԻՏԵՍ:

No comments:

Post a Comment