Անցել են օրեր․․․աշունն է թակել դուռդ` ճռռացող,
Ժամանակի զգացումն ես կորցրել՝ դարձել վայրկյանի գող,
Սիրտդ մաշել է օրեցօր մերկացող ծառի նմանությամբ,
Իսկ զգացմունքներդ ներկվել
են կուրացնող դեղնությամբ,
Այն լքված տերևի, որն անկյունում ապաստանել է մռայլ
Ու մենության հետ զրույց է սկսել՝ ճարահատյալ։
Ու այդժամ է, որ հարցերը անձրևի պես թափվում են
Ու խոնարհաբար, անհրաժեշտաբար հերթագայում են․
Ո՞ւր է այն անէ ու ամենագո կերպարանքդ վառ,
Ու ո՞ւր գլորվեց հոգուդ անծանոթ այն արցունքը քար,
Ու՞ր դու ուղղեցիր քայլերդ նվաղող, կարկամ
Ու ինչու՞ որոշեցիր, որ հենց այնտեղ ես չկամ,
Ո՞ւր մնաց պատկերդ աղո՜տ անցյալի,
Ու ինչու՞ կոչեցիր կյանքն ածականով այն թերի,
Պարսավանքդ սեփական դարձավ անտեղի՝
Մի անարժեք գերի, լոկ անմեղ ստրուկ ամեհի,
Մերթ մոլորվեցիր ծուռումուռ ճամփիդ կեսին չհասած,
Մերթ որոշեցիր, որ պատգամդ այնտեղ էր գրված,
Այնտեղ, որտեղ դու մի հյուր էիր սպասված,
Իսկ ես՝ անկոչ մի պանդուխտ՝ վաղուց վտարված։
Կկարծես՝ լուսե երկինքը քեզ է լոկ նայում, քեզնով լիանում,
Ու իր սեթևեթ հայացքով միայն քեզ գերում, քեզնով է գերվում։
Բայց,երբ լուռ ու անվրդով փողոցն
ի վար էիր շտապում
Ու բազմատարբեր հայացքներ էիր մեկնել ցանկանում,
Չտեսար, ավա՜ղ, քեզ պարզած ձեռքը հավիտենության,
Ու խուժեց աշխարհ, տիրացավ ամենքին փաթիլը այն ձյան,
Որ աշնանն անհամբեր ծնվեց ու ստիպեց ննջել քեզ այնժամ,
Քայլերդ ուղղվեցին ծանոթ արահետով մի իրիկնաժամ,
Տեսածդ սոսկ անկյունում սառած տերև էր՝ ինձ նման տկար,
Հարցերդ մնացին անպատասխան, քնեցիր․ ոչինչ էլ չկար․․․
No comments:
Post a Comment