Պատկերացրու՝ հեքիաթում ես հայտնվել,
Քո անունով մարդիկ երգեր են հյուսել,
Երազել են հասնել անհաս էությանդ,
Մեղմությանդ ու այն անզոր հաղթությանդ։
Պատկերացրի՞ր...
Պատկերացրու՝ հոգուդ գիրքն են կարդացել
Ու հոգուդ մեջ նոր էջեր են վեր հանել,
Վերծանել են բարությունդ,
Մենությունդ ու այն հզոր խեղճությունդ։
Պատկերացրի՞ր...
Պատկերացրու՝ ազատել են գերությունից
Ու զրկել են կամ թե փրկել քո այդ դերից,
Փորձարկել են պիրկ այն կամքդ,
Ճշմարիտ թվացող շինծու փառքդ։
Պատկերացրի՞ր...
Պատկերացրու՝ խաղացել են ազնիվ դերդ,
Կարդացել են խենթ մտքերդ,
Փայփայել են թույլ քո սիրտը,
Փորձել ուղղել սխալ քո ճիշտը։
Պատկերացրի՞ր...
Պատկերացրու՝ պատկերացնել անկարող ես,
Ապրել ահա՛ պարտավոր ես,
Թեկուզ անմեղ մեղավոր ես,
Ապրի՛ր, քանի դեռ կարող ես։
Պատկերացրի՞ր...
No comments:
Post a Comment