Wednesday, 4 February 2015

Քունս կորցրել եմ


Քունս կորցրել եմ գուցե հեռավոր այն երազներում,
Կամ թե մենավոր իմ լուռ տողերում,
Գուցե թե ձմռան անուրջ սպիտակում,
Կամ մոտալուտ գարնան կանաչում:

Իսկ թե տարել են ամռան շողերը,
Ու քողարկել են ոսկե վարսերը
Աշնան երփներանգ արևամուտի,
Ու ինձ դատապարտել հավերժ կարոտի:

Հավատացե՛ք, որ ծանր է պատիժս,
Երբ չեմ հասկացել՝ որն է կռիվս,
Երբ չեմ գիտակցել վճարելիք գինս,
Ու չեմ գործածել ձախլիկ վրձինս:

Լացող ուռենու տեսքին երբ նայել,
Նմանվելուց միշտ խույս եմ տվել,
Գիշերվա մթի հետ իզուր ես կռվել,
Խեղճ եսիս աքսորի ճամփին եմ դրել:

Ու թե գութս հետայսու կորցրել եմ,
Ապա միայն ինքս ինձ դատելիս,
Ուրիշ մեկի հետ ինձ բաղդատելիս,
Ինձ ճգնավորի անվամբ կնքելիս...

Ձեզ ես երգելիս, օգնել փորձելիս,
Ձեր, իբրև սրբի, անվամբ երդվելիս,
Կորցրել եմ միակ սեփականությունս,
Արդեն իսկ ուրիշինը դարձած որբ քունս:

04.02.2015  02:57

No comments:

Post a Comment