Monday, 1 October 2018

...



Կբղավես բոլորի վրա ու հատկապես նրանց,
որոնք մեղավոր չեն,
կզգաս սեփական մեղկությունդ ավելի ահավոր կերպով:
Կգաս ինձ փրկելու, բայց ինչպես ֆիլմերում.
դու կգաս ուշացած, ու կհասնես միայն,
 երբ ես ընկած կլինեմ մարտի դաշտում. դրան կկոչեն անկում:
Կնայես երկնքին ու կտեսնես միայն մեկ աստղ,
կկարծես, թե այն միայն քո տեսադաշտում է երևում,
բայց անհաղորդ կլինես ճշմարտությանն այն, որ բոլորին է փայլում:
Դու կնմանես այն զգեստինորին որքան էլ արդուկել փորձես,
հաջորդ վայրկյանին ճմռթվում է ու հասկանում ես,
որ զուր ես ժամանակ ու խնամք վատնում
Ավելի´ն, հաճախ ձեռքդ ես այրում նույն այդ արդուկով
ու անմիջապես ցավ ապրում,
 որ այրում է մաշկդ, բայց ավելի` հոգիդ:
Ես կփչեմ, որ վերքդ լավանա
այն վերքը, որ քո իսկ բառերով` քերծվածք է,
իսկ իրականում վշտի քերծ է իսկական:
Կաղոթեմ, որ աղոթքդ լսելի լինի,
իմանալով անգամ, որ կարիքը չունես,
Կաղոթե՛մ:
Երկինքը կապույտ կլինի, ամպերը կխաղան խաղաղ,
Աշունը կուլ կտա շողերն արևի,
Իսկ ես կսպասեմ, որ հոգուդ վերքերը լավանան...

Քո ավազե պատկերը կսահի դանդաղ`
լցվելով իմ ծով համբերության
 ցամաքող ջրերի մեջ:

No comments:

Post a Comment