Saturday, 14 May 2016

Ճերմակ անուրջներ



Անուրջների գույնը ճերմակն է սոսկ, ճերմա՜կը,
Դրանց տերը բազմիցս մեկնել է կյանք այս կատակը,
Անրջելով` հասել է նա գույնի կատարելության,
Մոռանալով` մեղանչել է` ընդդեմ մարդկության,
Կուրացել է, երբեմն, ճերմակ հայացքից երազային,
Իրեն զրկել է տեսնելուց այդ գույնը եդեմային,
Չի հավատացել օրհնանքին այդ ազնվագույն,
Աշխարհիս տվել է մականունն այն «անգույն»,
Հոխորտանքն այդ վերածվել է, սակայն, աղոթքի
Ու մոռացնել տվել իրական երանգն անուրջի,
Հոգիները ներկվել են գույնով անմեկնելի,
Ու դանդաղել է հոսքը մի բուռ հավատքի,
Աղավնուն քարկոծել են ավետիսի համար,
Ու դարձել են գուժկաններն անհամար,
Մոռացել են, որ փետուրն այդ թռչնի ճերմակ է,
Ու գույնն այդ իրական, անգույն պատրանք է,
Վիրավոր է այժմ թռչունն այդ մարդաբույր,
Կարեվեր հավքին ներկի՛ր, ճերմակ սեր տո՛ւր,
Խլել ես նորից երկնուղեշ հեքիաթն այն,
Կոտրել ես սեփական թևերդ անձայն...
Դե՛, լռությունդ էլ ճերմակել է, արդեն,
Մի՛ թող պայքարդ, թեպետ, մնացել ես անզեն,
Մի՛ փակիր աչքերդ, մոտեցի՛ր ինձ դու,

Ճերմակ անուրջդ եմ, իսկ ո՞ւր ես դու...

No comments:

Post a Comment