365 չասված խոսք ու
չարտաբերված միտք: Եթե ամեն օրվա համար ընդունենք մտքի միայն մեկ փայլատակում, ապա՝
միջին հաշվարկով հենց այսքան կկորցնենք՝ տուրք տալով վախի ու անիմացության գերիշխանությանը:
Սա, անգամ, լավատեսական արդյունք է թվում:
Իսկ երբևէ խորհե՞լ
ես՝ ի՞նչ կնշանակեր այն միտքը, որին քո շուրթերը ծնունդ տալով, գործողության վերածելու
հիմք կարող էին դառնալ: Բայց չկարողացան ու մնացիր կրկին անօգնական: Անչափելի է մեր
կորուստը, երբ սեփական մտքի ու հոգու առաջ փակվում են գիտակցություն անունը կրող թագավորության դարպասները: Մենք դառնում ենք սպասավոր, իսկ մի՞թե ավելին էինք մինչ այդ: Դա էլ չգիտենք:
Ամեն տարի մարդն ավելի
է իմաստնանում, երբ փորձի և իմաստության ավազե ժամացույցն օրեցօր ավելանում է ուրախության,
վշտի, հաջողության, դառնության, ժպիտի ու արցունքի հատիկներով, նա դառնում է փորձառու,
բայց էլի մնում է սպասավորի ստորացուցիչ թվացող քողի տակ: Իսկ ի՞նչ, եթե դա ավելի մեծ
արժեք ունի, քան վերամբարձ արքայի տիտղոսը: Դու ավելի մեծ իշխանություն ունես, որովհետև
չես հրամայում: Դա այնքա՜ն հեշտ է… դու փորձում ես կառավարել ինքդ քեզ, իսկ դա ամենադժվար
առաքելությունն է:
Թո՛ղ ես լինեմ սպասավոր,
բայց հասնեմ այդ երանելի պահին, ու չասված խոսքն ու չարտաբերված միտքը թևեր առնեն՝
թռչելով անազատության խորհրդանիշ վանդակից: Ապրել ու արարել 365 +/- միտք ու կյանք ամեն տարվա համար:
No comments:
Post a Comment