Առերևույթ, անկարևոր թվացող այդ միջադեպը, սակայն, տրտմության
մի բարակ շերտ թողեց իմ հոգում` ինչպես թեժ կրակի վրա սփռվում է մոխրի թափանցիկ շերտը:
Գիտեի, որ այդ ամենը մոռանալու փորձերն էլ կարող են անտեղի լինել: Մարդկային
շունչը կարող է անէացնել մոխրի թափանցիկ շերտը: Հարկավոր է միայն մեկ շունչ: Արտաշնչում
ես և հասկանում, որ ջնջեցիր երբեմնի հետքը: Սակայն հոգում սփռված շերտերն անհամեմատ
դժվար են աներևութանում: Առհասարակ, արդյոք աներևութանում են:
Դժվար է ասել` ով է մեղավոր. Այսօրվա աշխա՞րհը, թե՞ աշխարհիս արդեն իսկ ստրկացված
զավակներս:
Մի բան պարզ է` ինչքան մեղավորներ
փնտրենք, այնքան կհեռանանք մեր իսկ խնդրի լուծումից: Սա ավելի վատ է և, խոչընդոտելով
խնդրի լուծմանը, խթանում է նոր հոգեկան ցավերի արթնանալուն, և լույսի աղոտ տեսլականն
անմիջապես պատվում է անիմացության քողով:
Փորձում ենք գտնել ուղին, սակայն
մեր գործողությունները տանում են փակուղի, առաջանում են նոր ու հակոտնյա տեսակետներ:
Իսկ որտե՞ղ է թաղված շան գլուխը: Շեքսպիրի Համլետը համանուն ողբերգությունում պնդում
էր` ժամանակը դուրս է սայթաքել շավիղից: Ես, իրավամբ, համաձայն եմ: Այդ դեպքն էլ լավագույն
ապացույցն էր ինձ համար:
Ես հասկացա, որ այս ժամանակներն են
թելադրում քայլերդ, և յուրաքանչյուր սխալ քայլ կարող է ճակատագրական լինել, քանի որ
ոչինչ այդքան ուժեղ չի հարվածում, ինչքան կյանքը: Պետք է լինել այնքան ուժեղ, որ ոչ
թե հակահարված տաս, այլ` դիմադրես հարվածին: Միայն այդ դեպքում է, որ մարդ փյունիկի
պես կհառնի մոխրից:
No comments:
Post a Comment