Ես գիտեի, գիտեի շատ բան․ այդպես, համենայնդեպս, կարծում էին շատերը, իսկ
դրան կուրորեն հավատում էր Ձեր խոնարհ ծառան։ Բայց ես չգիտեի, որ իմացածս լոկ մի կաթիլ
էր՝ անիմացության ծովից ինձ առատորեն բաշխված կաթիլ։ Երևի՝ երկինքն էր ինձ մի կաթիլ
անձրևով օժտել, տարբերությունն այն էր, որ այն թափվում էր այտերն ի վար և աչք համարվող
ինքնության այդ յուրօրինակ ապացույց հայելուց։ Միամի՞տ․․․միամիտ էի։ Ես չգիտեի․․․
Ես չգիտեի՝ ինչքան ուժեղ եմ, մինչև որ ուժն էր միակ փրկությունս,
ու չգիտեի՝ ինչքան սխալական եմ, մինչև որ ճշմարտությունն էր միակ տեսանելի պատկերը
կյանք կոչվող այս խրթին կտավի վրա։ Ու ասում են, թե ամեն ինչ լինում է հաստատ մի մղումով,
որը մեզ բարձրացնում է վեր՝ դողացող ծնկները դժվարությամբ ուղղել ստիպելով, նույն տեղում
արդեն իսկ արձանացած տեսակդ առաջ հրելով, անշնչացող մարմնիդ երկրորդ շունչ ներարկելով։
Ու թե կտավս մնացել է ճեփ-ճերմակ, վրձինս չորացել է տիրոջը հույսով սպասելուց, հոգ
չէ բնավ․ տերն է մտածմունքի միակ առարկան, քանի դեռ չոր ու անկենդան է
հենց ինքը․․․հուսաբեկ է նա։
Թվում է՝ բառերը թաքնվել են իրենց ապաստանում ու ինձ խղճուկ
ուշադրության անգամ չեն արժանացնում, ժամանակը արագահոս է դարձել, պարզապես ինձ է իր
ընթացակառքից դուրս նետել՝ համարելով անկոչ հյուր այս բազմամարդ, բայց սակավաթիվ մարդկային
հոգիներով բնակեցված ապաստանում։ Ու քանի դեռ քամու անգութ շունչը ստիպում է զգալ՝
ինչպես են սարսռում ոսկորներս, ինչ-որ բան ստիպում է մտքի թելը սեփական հոժարությամբ
կամ էլ թե դիտավորությամբ կտրել։ Ասել է թե՝ չկա ավելի դաժան մեղսագործ, քան մենք ինքներս
ենք, հատկապես եթե խոսքը մեզ ու մեր հոգու արգասիքներին՝ մտքերին է վերաբերում։ Այո՛,
միտքը ուղեղի արդյունքը չէ միայն, այն հոգու ծնունդ է․․․
Շատ հաճախ ենք ճամարտակում այն մասին, թե սա չեմ ների, այն՝
ընդհանրապես, իսկ պատրա՞ստ ենք ներել մեր քայլերը, իսկ չարվածնե՞րը։ Այն չարված քայլերը,
որոնք պարտավոր էինք անել։ Ո՞վ է մեղավոր, որ ուժ չկա ոտքերի մեջ ու մեր պես լքված
աթոռակն էլ ավելի հրապուրիչ է, քան ցանկապատից այն կողմ փռված զմրուխտե գորգերն ու
երկնուղեշ բարձունքները։ Կա՛նգ առ․․․հիմա կզարմանաս՝ ինչպես կանգ առնել, եթե չես շարժվում, անգամ։
Այո՛, կա՛նգ առ, դադարի՛ր, դադարեցրո՛ւ անհիմն դադարդ։ Կյանքդ վաղուց էլ ճեփ-ճերմակ
չէ, կտավդ ներկվել է, ու, գուցե, պատահական չէր, որ ասում էին․ «ներկի՛ր ինքդ»։ Դե՛, ներկի՛ր,
քանի դեռ կտավիդ վրա տեղ է մնացել։
No comments:
Post a Comment