Վստահ էի, որ ամենից շատ ուզում եմ քեզ նամակ
գրել, ու հիմա ինձ զգում եմ համր, ոչ թե խոսքս է համր, այլ՝ միտքս է համր ձևանում:
Շատ բան եմ ուզում ասել… ուժ քեզ մաղթել, հավատալ, վաղվա կապույտ երկնքին ու հարթ ուղուն
հավատալ, միայն ավետիսներին հավատալ, «գույժ» բառի մասին մոռանալ:
Նամակ գրելը հեշտ բան չկարծես...
Ու թե ականի ձայնն է այժմ
քեզ խլացնում...իմ պատիժն ավելի է, լռությունն ու անորոշությունն է սիրտս խլացրել...
ու թե վախենում եմ հիմա ժպտալ, դա նրանից է, որ վախենում եմ պատժվել ուրախության վայրկենական
զգացման համար, պատժվել՝ քեզ այլևս չտեսնելու մտքով անգամ...
Չգիտեմ հիմա գրե՞մ քեզ
«բա՛րև», թե՞՝ սպասեմ...
Սպասում եմ, բայց մի բանի
չեմ սպասում․ չեմ սպասում, որ հարցնես որպիսությանս մասին։ Լավ
ենք, տատիկը կասեր․ «մենք լավ ենք, դու՛ լավ լինե՛ս»։ Դու լավ լինես․․․
Օրերը տարվա պես են անցնում,
քեզ, թերևս, դարեր կթվան, բայց ոչինչ, չմտածե՛ս, սա էլ կանցնի, օրն էլ կփոխվի ու վաղը
Ավետիսը գիտի, թե դուռը հենց բացվեց, իսկ այն փակ է ամուր կողպեքով, ինքդ էլ գիտես՝
ինչու, ոտքդ տան շեմից ներս ես դնելու։ Քո պես կռիվ-կռիվ է խաղում։ Ինքը` խամաճիկներով՝
իսկական, կյանքդ՝ խամաճիկներով՝ մարդկային։ Բարդ է։ Չէ՛, չե՛մ բողոքելու, դու ինձ լավ
գիտես։
Պատերազմ․․․թե ով հորինեց այդ անմիտ խաղը,
ու ով որոշեց, որ խաղացողներից մեկն էլ դու ես լինելու։ Ավետիսը երեկ գիտե՞ս ինձ ի՞նչ
ասաց․ «խելոք եմ ինձ պահելու, որ ետ դառնաս, գիտի թե նեղացել ես իրենից»:
Համոզում եմ, որ նման բան չկա, դու էլ ինձ համոզի՛ր, համոզի՛ր, որ քիչ մնաց ու դու
ես տան դուռը բացողը լինելու, դու ես խաղաղություն բերելու․․․Ավետիսին ավետիս
ես բերելու․․․
No comments:
Post a Comment