Քամին այնքան անողոք է իրենից պատսպարվել փորձողների նկատմամբ։
Ու թեպետ այն մեծ հաճույքով է խաղի մեջ մտնում նրա վարսերի հետ, ինչ-որ բան ստիպում
է դժվարությամբ պատասխանել փոխադարձությամբ։ Հիմա, երբ նա նստած է բարձրության վրա,
տեսնում է անծայր թվացող հեռուները, հիանում գույների առատությամբ, ըմբոշխնում քամու
բերած մեղեդու հնչյունները, դատարկությունն ավելի հարազատ է թվում, քան սեփական եսդ։
Վերևից ճախրելն այնքան իրական ու հեշտ է թվում․ միայն վայրէջքն է անկանխատեսելի ու անցանկալի ելք խոստանում։
Քամին ավելի է սաստկանում, վարսերն էլ
թվում է՝ դաշինքն են կազմել՝ տրվելով քամու ընթացքին ու դառնալով անկառավարելի։ Գեղեցկություն․․․ինչքա՜ն գեղեցիկ բան է կյանքը ու ինչքան գեղեցիկ է այն դառնում,
երբ դիտում ես, այլ ոչ թե ձևացնում, որ նայվածքդ հասցեատեր ունի․ այն էլ հավերժ շարժման մեջ գտնվող «Ձերդ Գերազանցություն Կյանքը»։
Շուտով կվերջանա ևս մեկ օր․ արևն արդեն իր դրոշմը թողել ու լքել է իրեն արդեն կարոտած երազողներին։
Եկել է ետդարձի ճամփան բռնելու պահը։ Ու ո՞վ կպատկերացներ, որ վերադարձն ավելի բարդ
է․ չէ՞ որ վերադառնում ես մի տեղ՝ հեռանալով մյուսից։
No comments:
Post a Comment