«Անհետացած
մարդուն, որոնելը նույնն է,
ինչ Աստծուն փնտրելը: Հարկավոր է հավատալ անհայտությանը: Եվ հարկավոր է հավատալ Նրա հայտնությանը»:
Այս հակադրությունը
միակը չէ Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների Արևը» վեպում, սակայն այմ մեզ խորհելու
բազում առիթներ է տալիս: Այս վեպի ընտրությունն ինձ համար աննպատակ կամ պատահական չէ:
Ես էլ եմ երկվորյակ, թեպետ անունս Արևի հետ դժվար թե ասոցացվի, դա չխանգարեց ինձ ընկղմվել
հեղինակի խոր մտորումների հորձանուտի մեջ և երբեմն էլ կորցնել սեփական գիտակցության
բանալիները: Ես հուզվեցի, ժպտացի և անգամ տրվեցի հայտնի անհայտության այն աշխարհին,
ուր Արևն Աստված է ծղրիդների համար: Խորն է…
Վեպի գաղափարական
բովանդակության խորությունն անտարբեր չի թողնում: Անգամ կենցաղային նկարագրություններն
են կենդանանում աչքիդ առջև և, կարծեք, հրավիրում են քեզ` այդ ներկայացման հանդիսատեսից`
գործող կերպար օծվելու:
Հեղինակի
առաջ քաշած հարցերը, որոնք իրենց կենդանությունն են առնում «փոքրիկ» Արեգի շուրթերով,
անտարբեր չեն կարող թողնել: Դրանք անկեղծ են, իրենց միամտության մեջ իմաստուն: Ինչքան
բան են կապում մարդկային հոգիները: Մարդիկ իրար չեն ճանաչում (չնայած անիմացությունն
էլ թվացյալ է), բայց չես իմանա մարդուն ճանաչում ես, թե՞` ոչ, մինչև ՉՃԱՆԱՉԵՍ նրան:
Ճանաչելը մարդուն նույնը չէ, ինչ ՃԱՆԱՉԵԼԸ մարդուն: Եթե ասածս անհասկանալի էր, ուրեմն
չճանաչեցիք ինձ: Ես գիտեմ, թե ով է ինձ ՃԱՆԱՉՈՒՄ: Երբ Արեգը նայում էր հայելու մեջ,
թվում էր`եղբայրն է`երկվորյակը: Նա`իմ երկվորյակն է ՃԱՆԱՉՈՒՄ ինձ:
«Իսկ եթե
Դուք ինձ չհասկանաք…»,- մտածեցի ես,- կասեմ, որ տանուլ տվեցի մենամարտս. Արեգի պես
արտը չայրեցի, բայց մի քանի թուղթ այրեցի, որոնք
ապարդյուն թվացին ինձ: Որոշեցի ոչ ոքի չասել, որպեսզի չկշտամբեն մտքերիս վերջը
տալու և դրանք հավերժ թաղելու համար: Դրանց համար խաչքար չեմ կարող կանգնեցնել, բայց
հողին հանձնելն էլ է ծանր:
Փակվեցի
հոգուս մութ խցերում, որոնք եկեղեցու պես խորհրդավոր են, որտեղ վանական փնտրելու փորձերն
իզուր են, սակայն արևի շողերն այնտեղ, այնուամենայնիվ, թափանցում են: Շողերը կուրացնելու
չափ առատաձեռն են, փոքրիշատե դաժան: Բայց դրանք սովորեցնում են փակել աչքերդ, երբ պետք
է հասկանալ, որ կուրանալ, դեռևս չի նշանակում կույր լինել, իսկ լինել ոչ կենդանի, դեռ
չի ապացուցում, որ մեռած ես: Կարևորը տեսնես տեսանելին:
Մարդու սպիտակ
մազերը կենդանի ապացույցներն են նրա ամեն մի տառապած օրվա, իսկ կորուստները` մարդկային
կորուստները դրանք կրկնապատկում են: Բայցև սովորեցնում չընկրկել, փյունիկի պես հառնել
մոխրից:
Արևն ուզում
է թաքնվել, ամպերի հովանավորությունից օգտվելով, ժլատ է դառնում պատշգամբում նստած
երկվորյակներին տաքացնելու հարցում, բայց չի հեռանում, որովհետև Նրա մեջ անթաքույց
լույս կա, որն ի զորու է անշեջ մնալ: Ես ու Նա տեսնում ենք այդ լույսը, Արեգն ավելի
է մոտենում մեզ:
Գիտե՞ք,
իմ երկվորյակն իմաստության աստվածուհու անունն է կրում:
- Զգու՞մ
ես, Երկվորյա՛կ, Արևի շողերն ընկնում են իմ ու քո դեմքի վրա, գու՞ցե Արևը ՃԱՆԱՉՈՒՄ
է մեզ:
No comments:
Post a Comment