Հանկարծ կանգ առավ և ուղիղ նայեց տղայի աչքերին.
- Այն օրն ի՞նչ էր պատահել քեզ: Թվում էր՝ ինչ-որ տագնապ կա հոգումդ:
Այդ աղոտ տեսարանը հանգիստ չի թողնում ինձ և անընդհատ նշմարվում է աչքիս առջև: Չեմ
կարողանում մոռանալ աչքերիդ խեղճ արտահայտությունը: Այն նման էր հոգուդ. նույնքան մոլորված
և անպաշտպան:
- Գիտեմ, որ լռությունս քեզ համար ոչինչ է. բաց գիրք, որը կարդալու
համար ճիգ գործադրելու կարիք չունես: Ես մոլորվել եմ, բայց պատճառն իմ հոգին էլ է կեղեքում:
Չկա ավելի վատ բան, քան սեփական հոգուդ լացի պատճառը չհասկանալը: Այն օրը մի անասելի,
տարօրինակ կասկած մտավ սիրտս: Վախենում եմ սխալվելուց…
- Հասկանում եմ քեզ, սակայն միայն դու կարող ես փոխել այս բարդ
դրությունը: Լավ գիտես, որ ուրիշներն անզոր են, եթե բացակա է մեր ցանկությունն ու անմնացորդ
ձգտումը:
- Հրա՜շք: Դու իմ ճանապարհին ես հանդիպել և մի՞թե կա ավելի լավ
բան այս կյանքում, քան մեկն ով կլսի քեզ ծանր պահիդ և թանկ խորհուրդներ կտա, անկեղծ
կարտահայտվի և չի վախենա ճշմարտության հետ առերես հանդիպելուց: Անգամ մեր սեփական ստվերն
է մեզ լքում, երբ բոլոր ճանապարհները փակուղի են տանում, իսկ դու այն արևն ես, որը
լուսավորում է ամենախրթին ճանապարհս և ճեղքում ողջ խավարը:
Մինչև կյանքիս վերջը երախտապարտ եմ լինելու քեզ:
- Ամեն ինչ փոխադարձ է: Միայն մի բան հիշի՛ր, երբ կյանքը ծանր հարված
է հասցնում, մի՛ շտապիր չարանալ և հակահարված տալ: Փորձի՛ր կանգնել և պահել այդ հարվածը:
Կյանքը խաղ է, մի քմահաճ արքայադուստր, որը խնայելու հարցում այդքան
էլ բարեհաճ չէ: Մեր առաքելությունն այդ խաղի կանոններին ենթարկվելն ու այն տանուլ չտալն
է: Հավատա՛, որ դա մենք ի զորու ենք: Միայն այդ ժամանակ կկոչվենք մարտիկներ, իսկ ավելի
լավ ապագայի տեսլականը կբացվի մեր առջև: Այդժամ, երբ կբացվի արևը…
Դու փյունիկի պես կհառնես մոխրից:
No comments:
Post a Comment