Monday, 10 February 2020

Սպիտակ սյուներ




Շենքի դիմային հատվածը կանգուն է
Վեց սյուների շնորհիվ...
Ինչ-որ հին ու իմաստուն բան կա նրանց մեջ,
Որ անգամ նրանց չեմ կոչում դրանց:
Անհարգալից է:
Սպիտակ են նրանք. 
Ասես` այլ գույն չկա ներկելու:
Հնարավոր է` կյանքի մեր նման.
Սպիտակն է պահում կառույցը մեր թանկ,
Որ մենք ուռճացրել ու կոչում ենք կյանք:
Սյուներն այդ հաշվեցի իմ պատուհանից`
Մեքենան իր ընթացքն արագացրեց ու
Հույսս մեկն էր`
Տեսնեմ ես նորից:
Ու բախտն իմ նորից ինձ հաշվել ստիպի`
Սյուները սպիտակ:
Ու կյանքը` սպիտակ:
Գագաթներին  նրանց քանդակներ են լուրջ`
Թվում է` չի դիպել անգամ մուրճ:
Ամեն մեկը չի կարող այդքան շնորհաշատ լինել,
Հետևաբար` առանձնաշնորհյալ մեկն է իր ձեքով դիպել,
Մտածում եմ ես...
Սանրվածք է ասես դժվար երկնելի`
Նման գլուխգործոցի,
Հմուտ հարդարի:
Բարդ աշխատանք է:
Ապա միտքս այլ տեղ է տանում
Ու մտածում եմ.
Տեսնես` ով է ապրում սյուներից այն կողմ,
Թե՞ քշել է նրանց ամեն տեսակ հողմ,
Գուցե հոգնել են սպիտակ սյուների ետևում ապրելուց նրանք,
Որոշել են կյանքն այս դարձնել
Թափանցիկ ապրանք...
Ու վաճառել շենքի դիմաց շարված իրերի նման,
Որ էլ չմնան...
Ու չապրեն դրանք
Ու չապրեն նրանք...

Saturday, 11 January 2020

Երազ



Երդիկից դուրս կգա ծուխը
Քո մարող հայացքի
Նվաղ պատկերի նման,
Որ նահանջել,
Հիշողության դեմ կռվում է հաղթվել:
Մոռանում եմ` ինչպես քեզ դիմել,
Երգերում էլ պատմում էին, թե
Հերոսն էիր իմ չտպված գրքի,
Կտրում էիր թելն իմ մտքի,
Իսկ այսօր` նման անընտել մեկի
Դուրս ես գալիս ծխից երդիկի,
Ու կտրում թելն իմ հույսի...
Սիրո մասին ոչինչ չգիտեի,
Այբուբենը գոնե գրել ու
Կարդալ պիտի իմանայի,
Ասում են` պիտի մանկուց սովորեի,
Վատ աշակերտ էի...
Փոխարենը`
Սիրել գիտեի երազում մի հերոսի
Ջերմությունն էի զգում մարմնի,
Քունն իմ ատելի այդ պահին
Նման էր մի տաք կծիկի,
Որ անվերջ պիտի լինի, անմահ լինի,
Ծայրը չկորցնի...
Թվում էր` պահն այդ հավերժ կլինի,
Թե դուրս չգար ծուխն այն երդիկի...

Sunday, 8 December 2019

Ձյան նման ես․․․



Ձյան նման ես,
գրկել չեմ կարող,
թե բախտս փորձեմ,
գրկիս մեջ
մեռնող ցուրտը կամփոփես,
իսկ աչքերիս մեջ
կխորտակվի ստվերը նրա,
ու թե ջուր դառնաս,
ես էլ կմեռնեմ,
ինքս էլ ստվեր կդառնամ
ու կանիծեմ ջերմությունս․․․

Wednesday, 27 November 2019

Լույսը խեղդվում է ջրում․․․



Լույսը խեղդվում է ջրում
ու քանի որ լողալ չգիտի
միայն գիշերով
ափին է փարվում
ու վստահ է, թե ոչ ոք չի տեսնում...
բայց այն չգիտի`
տունդարձի ճամփին,
երեկոներին,
երբ օրվա աչքերն են փակվում,
մարդու միտքն է նրա
պատկերը երկնում.
ոսկեգույն պատկեր,
որին այս ու այն կողմ է նետում
գիշերվա քամին.
գուցե ճոճում է
ու պատկերացնում,
որ ոչ թե ջրի մեջ,
այլ օդում ճոճվում,
միմյանց են փարվում
երկու միայնակ հոգսեր
ու միանալիս
մահը ծնունդ են դարձնում
ու ապրում հավերժ…

Friday, 11 October 2019

Մայթեզր




Մայթեզրի հիմնական գործառույթը մայթն ու ճանապարհը միմյանցից առանձնացնելն է: Երբ ոտքերդ հասնում են մայթեզրին, զգում ես, որ շատ քիչ է մնում մոխրագույն ճանապարհի հետ գունավոր հոգիդ ձուլելու համար:
Փորձում ես հավասարակշռությունդ պահել ու հաստատուն քայլել մայթեզրի խորդուբորդ եզրը չտրորելու ու ավելորդ ցավ ինքդ քեզ չպատճառելու համար:
Մայթեզրերի որոշ հատվածներում բաժանում կա` հարկադրված... գուցե` տարիների մաշվածության կամ դժբախտ պատահարների արդյունքում առաջացած բաժանում, երբ սասանվում է մայթեզրի ամբողջականությունը և ճանապարհին խոնարհում անխախտ թվացող միությունը:
 Հետո, միության փշրված ապացույցները հայտնվում են աղբարկղում, լցվում են ջրերի մեջ կամ պարզապես փշուր-փշուր լինում` էլ ավելի մանրանալով մարդու ոտքի ու փոխադրամիջոցի հետ անախորժ շփումից: Ու երբ թվում է, թե այդ միությունն այլևս անցյալում է, մարդու միջամտությամբ (մարդը միայն քանդել չէ, որ կարողանում է) նոր հանգույց է ծնվում` կապելով հին կեսերին` նոր ու թվում է՝ ավելի ամուր եղանակով: Շատ դժվար է լինում ընդունել նորեկին ու նույն կերպ գրկախառնվել այն դեպքում, որ այն ավելի թարմ տեսք ունի... դժվար է, քանի որ օտար է, ու ժամանակ է պետք նրան ընդունելու համար: Մարդու, փոխադրամիջոցի (օրինազանց տերերի փոխադրամիջոցի մասին է խոսքը, քանի որ հենց նրանք են ձգտում հպվել արգելված պտուղի նման քաղցր և իրենց՝ օրենքի շրջանակում բաժին չհասնող, հատվածին) շփում է պետք, փոշեհատիկներ են պետք, սայլակի անիվի հետք է պետք, անձրև ու կիզիչ արև է պետք, որ գույնը «տեղը գա», ինչպես դաշտերից քաղաք եկած կարմրաթուշ մշակի դեպքում, որ զարմանում է սպիտակամաշկ ու  այրող արև չտեսած հայացքների հանդիպելիս:
Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում, քաղաքի արևը իր հետքն է թողնում, մայթեզրի երկու կեսերը միացնող հանգույցը ձուլվում է:
Սա այն դեպքում եթե գտնվի մեկը, որին հուզում է նրանց միությունը, իսկ թե այդպիսին չկա, անորոշ ժամանակով երկու մասերը մնում են անհանգույց` միմյանցից բաժանված ու ցանկության դեպքում անգամ մեկնվել անզոր:
Մենք նման ենք այդ մայթեզրերին, կարող ենք քանդվածն անտեսել կամ հակառակն անել՝ կառուցել ու մաս-մաս եղած հոգուն նոր շունչ ներարկել:
Զգո՛ւյշ, մայթի վրայով քայլի´ր, ճանապարհից հեռու: Հանկարծ չընկնես. մայթեզրի այս հատվածը քանդվել է:

Thursday, 3 October 2019

Իմ խենթությունը



Ասում են` անհնար է
Ապրել այս աշխարհում,
Թե խենթ չես...
Ու թե այդպես է,
Չլինել խենթ`
Ամենքի նման.
Սա է իմ խենթությունը,
Փորձել ապրել
Այս աշխարհում`
Չլինելով խենթ...
Դա է իմ ընտրությունը:
Չչվել` տաքի, նորի ետևից
Ընտրել բույնը` հին ու ցուրտ,
Երբեմն զգալ դարակում
Չտեղավորվող առարկայի,
Ներկի դույլի հատակին,
Այդպես էլ չօգտագործված,
Չորացած մի զանգվածի,
Տուփերում չտեղավորվող կոշիկի,
Այդպես էլ չծամված ուտեստի
Գրքի հաճախ չկարդացվող առաջաբանի,
Չորացած հացի վերջին կտորի
Նման:
Բայց խենթ չեմ ես
Ու հացը չեմ նետի,
Չչված, տաքի ու նորի ետևից
Չսլացած թռչնին կտամ,
Առաջաբանը չկարդացած մեկին
Վերջաբան կձոնեմ ու
Կարդալ կմեկնեմ,
Տուփերում չտեղավորված կոշիկը,
Դարակում չտեղավորված առարկան
Տաք ու ցուրտ բնի
Ամենաերևացող տեղում կդնեմ`
Կողք կողքի...
Չորացած ներկի հետ
Նյութեր կխառնեմ ու
Ստացված զանգվածից
Պատկեր կստանամ`
Իմ նկարներից հերթականը:

Այդպես կանեմ
Ու կապրեմ:
Ես խենթ չեմ` ամենքի նման...
Չլինել խենթ`
Սա է իմ խենթությունը:

Friday, 30 August 2019

Երբ աստղ կընկնի...



Նորացած այս քաղաքի
հին ու կիսաքանդ շենքերի
հրաշակերտ զարդանախշերի նման
սակավ են այն ակնթարթները,
երբ զգում ես`
ինչպես է քամին ուժգնանում,
բերում ու քաղաքի փոշին
շաղ տալիս աչքերիդ մեջ:
Չես զգում ու գուցե
նույն այդ պատճառով
մոռանում ես կրել գլխիդ
ամուր տեղավորված ակնոցը,
աչքերդ չես փրկում պղտորվելուց:
Աչքերդ չես փրկում,
բայց երկնքին նայելիս,
գիշերվա մթին,
երբ պարզ օր է լինում,
փորձում ես սերտել աստղերը
ու դրանց միությունից
ստեղծվող պատկերը:
Ներքին ջերմությունը
չի թողնում ողջ էությամբ զգալ
քամու` ակնթարթ ձգվող այցը,
չես զգում ոչինչ ու պարզվում է`
ամեն ինչ զգալ չի լինի:
Ամեն ինչ, այո´, չի ստացվի,
բայց կզգաս
բախումը իրականության հետ
ու անկումը երազանքի,
երբ աստղ կընկնի...

Tuesday, 27 August 2019

Թե չլինեիր հորինվածք․․․



Իմ կյանքի խարանն ես դու,
պիտի լինեիր օրհնանքը,
իմ քանդված եկեղեցին,
որը նորոգող չունի..
Մահաբեր հանգույց ես,
 որ լուծում չունի,
ու մի հորինվածք,
 որ պատմող չունի:
Բայց ապրում ես դու,
ապրում ես դու`
ճակատիդ կնճիռներ նկարելով:
Դրանք երաշտին
միմյանցից հեռացող
 հողաշերտերի նման
կարոտ են...
հողաշերտը`ջրի, դու` սիրո ...
Այդպես՝ սիրո կարոտ,
ապրում ես ու երազում
ամենաբարձրի մասին,
բայց չգիտես՝
ոչ բոլորն են ծնվել
ամենաբարձր գագաթները հաղթահարելու,
ամենախորքերում լողալու համար,
շատերը սարի լանջի կանաչը
գրկել են գերադասում,
ծանծաղ ջուրը
մատների ծայրերով զգալ ուզում...
քանի որ գիտեն, որ
գետնի հողաշերտի վրա անգամ
կարելի է երջանկություն նկարել ու
հավատալ, թե իրական է:
Կարծում ես` հեքիաթ է,
անգամ եթե չէ,
թույլ տուր ես պատմեմ,
թե ինչպես
կփակեմ աչքերդ,
 որ լսես...
կհարցնես` ինչը,
կասեմ` թռչուններին,
ու երգը նրանց,
բայց նկատի կունենամ
սիրտը իմ,
ու բաբախյունը դրա
որ անունդ է տալիս.
կամաց,
որ չլսես...

Իմ կյանքի խարանն ես դու,
պիտի լինեիր օրհնանքը,
թե չլինեիր հորինվածք,
որ պատմող չունի:


Monday, 29 July 2019

Քարերի միջև կակաչ է ծաղկել․․․



...քարերի միջև
կակաչ է ծաղկել,
մի՞թե ես քեզ
չեմ գտնելու...
կակաչն էլ գիտես`
որ տեսակից է,
այն իսկականը,
դաշտաբնակը,
այն, որ հետքեր է թողնում
մատներիդ վրա,
թե դիպչես...
և, ուրեմն,
ցանկություն ունես
կակաչի նման
ծերպերին ծաղկել
ու ինչ-որ մեկի
երազը լինել,
իսկ թե քեզ դիպչեն,
հետքը քո թողնել:

Friday, 12 July 2019

Արի չհանդիպենք



Արի չհանդիպենք, որ կյանքում մեր ոչինչ չփոխվի
Ու խավարամիտ մնանք, չիմանալով, որ
Գոյություն ունի արեգակի կամ լուսնի խավարում անգամ:
Որ եթե ինձ համար արև լինեիր,
Չխավարեիր անգամ մեկ վայրկյան
Ու թե քեզ համար լուսին լինեի,
Դեղին իմ զգեստը սևով չներկվեր և ոչ մի վայրկյան:
Արի չհանդիպենք ու երազենք,
Թե հանդիպումը մեր լինելու է հենց
Լիալուսնի օրը,
Երբ մեր հոգում խառնված կլինեն
Բոլոր զգացումները ու կթվա, թե ոչ այլ ինչ է, քան
Լուսնային պատրանք։
Այն, որի դեպքում լուսինն ավելի մեծ է թվում,
Ինչպես մեր պատկերացրած սերը կթվա։
Արի չհանդիպենք ու պատկերացնենք,
Թե որքան գեղեցիկ կարող էին լինել
Առաջին հանդիպման հայացքները,
Որ երկուսիս ոտքերը հատակից կտրվեն,
Օդային վիշապի պես քամուն մենք տրվենք ու
Մի պահ թվա, թե չկա ժամանակ ու տարածություն,
Այլ կա մահկանացուին անհաղորդ,
Միջանկյալ մի մութ իրականություն,
Որի լույսը մենք կվառենք` կախարդական լամպի միջոցով,
Որից ջին դուրս չի գալիս, բայց սեր է ծորում ու
Անգամ ծխից սևացած պատերն են վկա,
Որ հնար այս ամենին կա, թե պատկերացնենք...
Արի չհանդիպենք, որ ես պատկերացնեմ
Հագուստիդ գույնը ու թե որքան այն կսազի
Քո՝ իմ պատկերացրած աչքերի հետ
Ու քո ձեռքերի՝ ամուր ու
Մշտապես օգնության մեկնող։
Արի չհանդիպենք ու պատկերացնենք՝
Ինչպես լռել, երբ վախենում ես,
Թե նա կլսի կրծքիցդ ուր որ է թռչել պատրաստվող
Սրտի անհամաչափ բաբախյունը
Ու գլխի կընկնի․․․
Արի չհանդիպենք, որ ես երանելի զարմանք ապրեմ, որ
Գուշակել ես, թե ինչ ծաղիկներ եմ սիրում
Ու զսպեմ ինձ, որ ուրախությունից չթռչկոտեմ`
Մանկան նման
Ու խաղալիքների այն զսպանակաձև:
Արի չհանդիպենք, որ
Հեքիաթ մեզ թվա իրականությունը,
Նման այն հեքիաթներին, որոնք լսելիս,
Քնից առաջ կոպերդ ամուր փակելով,
Պատկերացրել ես քո հերոսին ու
Կերտել կատարյալ կերպարը նրա:
Արի չհանդիպենք, որ այդ նույն հեքիաթում մնանք,
Միմյանց համար այդ
Հեքիաթը լինենք...

Արի չհանդիպենք․․․