Լույսը խեղդվում է
ջրում
ու քանի որ լողալ
չգիտի
միայն գիշերով
ափին է փարվում
ու վստահ է, թե ոչ
ոք չի տեսնում...
բայց այն չգիտի`
տունդարձի ճամփին,
երեկոներին,
երբ օրվա աչքերն
են փակվում,
մարդու միտքն է նրա
պատկերը երկնում.
ոսկեգույն պատկեր,
որին այս ու այն
կողմ է նետում
գիշերվա քամին.
գուցե ճոճում է
ու պատկերացնում,
որ ոչ թե ջրի մեջ,
այլ օդում ճոճվում,
միմյանց են փարվում
երկու միայնակ հոգսեր
ու միանալիս
մահը ծնունդ են դարձնում
ու ապրում հավերժ…