Մայթեզրի հիմնական գործառույթը մայթն ու
ճանապարհը միմյանցից առանձնացնելն է: Երբ ոտքերդ հասնում են մայթեզրին, զգում ես, որ շատ քիչ է
մնում մոխրագույն ճանապարհի հետ գունավոր հոգիդ ձուլելու համար:
Փորձում ես հավասարակշռությունդ պահել
ու հաստատուն քայլել մայթեզրի խորդուբորդ եզրը չտրորելու ու ավելորդ ցավ ինքդ քեզ չպատճառելու
համար:
Մայթեզրերի որոշ հատվածներում բաժանում
կա` հարկադրված... գուցե` տարիների մաշվածության կամ դժբախտ պատահարների արդյունքում
առաջացած բաժանում, երբ սասանվում է մայթեզրի ամբողջականությունը և ճանապարհին խոնարհում
անխախտ թվացող միությունը:
Հետո, միության փշրված ապացույցները հայտնվում են
աղբարկղում, լցվում են ջրերի մեջ կամ պարզապես փշուր-փշուր լինում` էլ ավելի մանրանալով
մարդու ոտքի ու փոխադրամիջոցի հետ անախորժ շփումից: Ու երբ թվում է, թե այդ միությունն
այլևս անցյալում է, մարդու միջամտությամբ (մարդը միայն քանդել չէ, որ կարողանում է)
նոր հանգույց է ծնվում` կապելով հին կեսերին` նոր ու թվում է՝ ավելի ամուր եղանակով:
Շատ դժվար է լինում ընդունել նորեկին ու նույն կերպ գրկախառնվել այն դեպքում, որ այն
ավելի թարմ տեսք ունի... դժվար է, քանի որ օտար է, ու ժամանակ է պետք նրան ընդունելու
համար: Մարդու, փոխադրամիջոցի (օրինազանց տերերի փոխադրամիջոցի մասին է խոսքը, քանի
որ հենց նրանք են ձգտում հպվել արգելված պտուղի նման քաղցր և իրենց՝ օրենքի շրջանակում
բաժին չհասնող, հատվածին) շփում է պետք, փոշեհատիկներ են պետք, սայլակի անիվի
հետք է պետք, անձրև ու կիզիչ արև է պետք, որ գույնը «տեղը գա», ինչպես դաշտերից
քաղաք եկած կարմրաթուշ մշակի դեպքում, որ զարմանում է սպիտակամաշկ ու այրող արև չտեսած հայացքների հանդիպելիս:
Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում,
քաղաքի արևը իր հետքն է թողնում, մայթեզրի երկու կեսերը միացնող հանգույցը ձուլվում
է:
Սա այն դեպքում եթե գտնվի մեկը, որին հուզում
է նրանց միությունը, իսկ թե այդպիսին չկա, անորոշ ժամանակով երկու մասերը մնում են
անհանգույց` միմյանցից բաժանված ու ցանկության դեպքում անգամ մեկնվել անզոր:
Մենք նման ենք այդ մայթեզրերին, կարող
ենք քանդվածն անտեսել կամ հակառակն անել՝ կառուցել ու մաս-մաս
եղած հոգուն նոր շունչ ներարկել:
Զգո՛ւյշ, մայթի վրայով
քայլի´ր, ճանապարհից հեռու: Հանկարծ չընկնես. մայթեզրի այս հատվածը քանդվել է: